Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱՏՄ անդամ Հայաստանը լայն հնարավորություններ կարող է տրամադրել հալեպցի գործարարներին. հայ հյուպատոս
Նոյեմբերի 1-ին Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպել է Հալեպի առևտրի պալատի նախագահ Մաջդ ադ-Դին Դաբբաղի հետ: ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությնա տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա էր պալատի գործադիր խորհրդի ողջ կազմը:
Քննարկվել են Հալեպի հետ առևտրատնտեսական համագործակցության նախկին ծավալների վերականգնմանը, գործարար շրջանակների միջև կապերի աշխուժացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի առևտրատնտեսական ներուժն ու ներդրումային հնարավորությունները, միաժամանակ նշելով, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, լայն հնարավորություններ կարող է տրամադրել հալեպցի գործարարներին` համատեղ արտադրություններ հիմնելու և արտադրվող ապրանքատեսակները ԵԱՏՄ լայնայածավալ շուկա արտահանելու գործում:
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ առևտրատնտեսական բնույթի ցուցահանդեսների կազմակերպման հեռանկարներին: Առաջարկ է ներկայացվել անվճար հիմունքներով հայկական կողմին տրամադրել համապատասխան տարածք` հայկական արտադրատեսակների մշտական ցուցահանդես-վաճառք կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հալեպի գործարար շրջանակների միջև կապերի խորացման, պատվիրակությունների փոխայցելությունների հետագա ակտիվացման կարևորությունը: Այս համատեքստում նշվել է, որ Հալեպի առևտրի պալատը պատրաստ է պատվիրակություն գործուղել Երևան` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով: