Անհեթեթ ու ծիծաղելի են Ադրբեջանի հայտարարությունները, թե տեսեք՝ աշխարհը չի ճանաչում Կատալոնիան, չի էլ ճանաչելու Արցախը. Շարմազանով
Քաղաքական
23:21 01/11/2017
Հայաստան

Անհեթեթ ու ծիծաղելի են Ադրբեջանի հայտարարությունները, թե տեսեք՝ աշխարհը չի ճանաչում Կատալոնիան, չի էլ ճանաչելու Արցախը. Շարմազանով

«Ես ավելի քան համոզված եմ, որ արցախյան հիմնախնդիրը Կատալոնիայի և նմանատիպ այլ հարցերի հետ որևէ նմանություն չունի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Արցախի անկախությունը, եթե նմանություն ունի, ապա միայն Խորհրդային նախկին հանրապետությունների անջատման հետ: «Արցախը  անջատվել է Խորհրդային միությունից բոլոր միջազգային օրենքների հիման վրա՝ չհակասելով գործող Խորհրդային միության Սահմանադրությանը»,- հայտնեց նա:
Շարմազանովը նշեց, որ զուգահեռներ անցկացնել պետք չէ, դա անշնորհակալ գործ է: «Եթե աշխարհը ճանաչել է Հայաստանը, Մերձբալթյան հանրապետությունները, խորհրդային նախկին պետությունները որպես սուբյեկտ, ապա ուշ, թե շուտ նա պետք է ճանաչի նաև Արցախի Հանրապետության անկախությունը»,-ընդգծեց ՀՀԿ խոսնակը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական այն սենսացիոն գնահատականներին, թե տեսեք՝ աշխարհը չի ճանաչում Կատալոնիան, հետևաբար՝ չի էլ ճանաչելու Արցախը, դրանք, ըստ ՀՀԿ խոսնակի, ոչ միայն անհեթեթ են, այլև ծիծաղելի:

Անդրադառնալով տարածքային ամբողջականության հարցին, Էդուարդ Շարմազանովը  նշեց, որ Արցախը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։

«Արցախում պետական միավորում եղել է դեռևս 1917 թվականից, իսկ Ադրբեջանը Երկիր մոլորակում որպես անկախ պետություն առաջացել է 1918 թվականի մայիսին։ Դրանից առաջ ի՞նչ Ադրբեջանի պետություն։ Ադրբեջանը արհեստականորեն ստեղծված պետություն է», - ավելացրեց Է. Շարմազանովը:

Placeholder
Անհեթեթ ու ծիծաղելի են Ադրբեջանի հայտարարությունները, թե տեսեք՝ աշխարհը չի ճանաչում Կատալոնիան, չի էլ ճանաչելու Արցախը. Շարմազանով