Դեկտեմբերից 13 տարեկան 16 հազար աղջիկ կպատվաստվի  պապիլոմավիրուսային վարակի դեմ
Առողջություն
12:29 09/11/2017
Հայաստան

Դեկտեմբերից 13 տարեկան 16 հազար աղջիկ կպատվաստվի պապիլոմավիրուսային վարակի դեմ

Հայաստանում դեկտեմբերից պատվաստումների օրացույցում նոր պատվաստում է ներառվելու: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած կներդրվի մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որն առավել հայտնի է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ պատվաստումներն իրականացվելու են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ինտերվալով: Ըստ նրա՝ վերջինս համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական դիրքորոշմանը, համաձայն որի պլանային պատվաստումներն առաջարկվում են 9-14 տարեկան աղջիկներին՝ 2 դեղաչափ սխեմայով: Նախատեսվում է պատվաստել  13 տարեկան 16 հազար աղջիկ:

Լևոն Ալթունյանի խոսքով՝ Հայաստանում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային երկրներում Հայաստանն արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության մակարդակով դասվում է բարձր հիվանդացություն ունեցող երկրների շարքում: Հայաստանում տարեկան գրանցվում է միջինում 250-300 նոր դեպք, իսկ տարեկան արգանդի վզիկի քաղցկեղից մահանում են միջինում 100-130 կին: Միայն 2015 թվականին արձանագրվել է մահվան 127 դեպք, 2016 թ-ին՝ 116 մահվան դեպք»,- ասաց նախարարը:

Նշվեց նաև, որ միայն 2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 257 նոր դեպք (100000 կանանց հաշվով ցուցանիշը 16.4), որոնցից 153-ը՝ (59.5% ) 3-րդ և 4-րդ փուլերում: 2016 թվականին գրանցվել է 243  նոր դեպք (ցուցանիշը՝ 15.5): Սա նշանակում է, որ մեր երկրում հիվանդության դեպքերը հայտնաբերվում են շատ ուշացած փուլերում, որի արդյունքում մահացությունը բավականին բարձր է։

Լևոն Ալթունյանի խոսքով՝ ՄՊՊ-ի դեմ պատվաստանյութերն ունեն բարձր արդյունավետություն, նույնիսկ 1 դեղաչափ պատվաստումն ապահովում է բարձր արդյունավետություն առողջ ազգաբնակչության շրջանում:

Նշվեց նաև, որ ԳԱՎԻ-ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) աջակցությամբ Հայաստանին տրամադրվել է 32400 դոզա «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութ:  Համաձայն Գավի կազմակերպության և արտադրող ընկերությունների հետ ձեռքբերված երկարաժամկետ պայմանավորվածության՝ Հայաստանը պատվաստանյութը գնելու է անհամեմատ ցածր գներով՝ 1 դեղաչափը 4.5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

 

Placeholder
Դեկտեմբերից 13 տարեկան 16 հազար աղջիկ կպատվաստվի պապիլոմավիրուսային վարակի դեմ