Բեռնատարի վարորդները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Բեռնատարի վարորդները փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ուջանի հատվածը: Հանրապետության տարբեր համայնքներից եկած վարորդները պահանջում են հանել բեռների համար նախատեսված սահմանափակումները:
«Հանեք էդ կշեռքները, թողեք աշխատենք, ոնց որ մինչև հիմա աշխատել ենք: 1.5 մլն դրամի տուգանք է եկել արդեն»,-բողոքում են բեռնատարների վարորդները:
Նրանց խոսքով, սահմանափակումը կիրառել են ճանապարհի ծածկույթը պահպանելու համար:
«Անորակ ասֆալտ են արել, կերել են, հիմա էլ մուռը մեզանից են հանում»,-ասում են նրանք:
Մի քանիսն էլ կասկած հայտնեցին, որ պետական պաշտոնյաներից մեկն է կշեռքները բերել, որ գումար աշխատեն:
«Ապրիլյանի ժամանակ բոլորիս բեռնատարները հավաքեցին, սաղս մեկ մարդու նման տվեցինք, պետք էր: Հիմա ոնց են ամեն բեռնատարին 200-300 հազար դրամով տուգանում»,-նշեցին վարորդները:
«Մի ամսից ավել է, մեքենան չեմ քշել: Ես ոնց ընտանիքս պահեմ, կոմունալները վճարեմ բանկիս տոկոսները փակեմ»,-դժգոհում են նրանք:
Վարորդները խնդիրը ներկայացնելու համար պահանջում են վարչապետի ու տրանսպորտի և կապի պաշտոնակատարների հետ հանդիպում:
Դեպքի վայր ժամանած տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Անդրեյ Սիմոնյանից վարորդների պահանջեցին տուգանքները չեղյալ համարել։
«Դուք ինչի՞ մեզ հետ չեք քննարկել օրենքը ընդունելիս, ինչի՞ եք մեզ սովի մատնում, մեկ մլն դրամ տուգանքը նշանակում է, մարդը թողնի գնա Սիբիր»,-փոխնախարարին ասաց վարորդներից մեկը:
Փոխնախարն առաջարկեց վաղը հանդիպում կազմակերպել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ