Մի արի տուն
Մոսկվայում բնակվող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ռուսական ամենամեծ լրատվամիջոցում՝ «Ռիա Նովոստի»-ում, հոդված է հրապարակել, որում կարծես փորձել է ոչ թե որպես օբյեկտիվ քաղաքագետ, այլ անձ՝ իր արժեքների համակարգում, վերլուծել հայաստանյան իրավիճակը:
Այն տպավորությունն է, որ քաղաքագետին նեղացրել են Հայաստանում, չեն կանչել «Արի տուն»: Ցուցարարներին գնահատելով որպես ամբոխ, վերլուծության հերոսը իներցիայով շարունակում է ռուսաստանյան ցուցարարներին տրվող գնահատականները:
Միտք ունենալով պաշտպանել նախկին կառավարությունը, Միհրանյանը ճիշտ չի ընկալում իրավիճակը. Տեղի ունեցածը գնահատելով հակասահմանադրական, քաղաքագետը արդեն իսկ թերագնահատում է վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի արժեքը, որով նա հնարավորություն տվեց «ամբոխին» լսված լինել, գործողություններին՝ անբախում շարունակություն ունենալ:
Խոսելով Սահմանադրության շրջանցման մասին, Միհրանյանը թերևս չի ընդունում հայաստանյան Սահմանադրությունը լուրջ. Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է և վարչապետի հրաժարականի հնարավորությունը, և հետագա օրինական քայլերը:
Առայժմ հակասահմանադրական քայլ չի արել կողմերից և ոչ մեկը:
Գուցե Միհրանյանը նպատակ ունի պաշտպանել Կարեն Կարապետյանի՞ թեկնածությունը, երբ գրում է. «Վարչապետի գործող պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ով առաջիկա օրերին կարող է վարչապետ ընտրվել, չի պատրաստվում տեղի տալ հրապարակի ճնշմանը` միաժամանակ կարծելով, որ պետք է արտահերթ ընտրություններ նշանակել»:
Ասենք, որ ըստ մեր Սահմանադրության Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու՝ չորս տարի Հայաստանում չապրելու պատճառով: Ու չնայած դրան անգամ, խորհուրդ կտամ Միհրանյանին չորոշել Կարեն Կարապետյանի փոխարեն, թե ինչ հետագա քայլեր ձեռնարկի՝ զիջի, թե տեղի չտա:
Ի վերջո՝ ՀՀԿ-ն պիտի հարգի իր առաջնորդի հրաժարականի որոշումը և չանի քայլեր, որոնք կարժեզրկեն այդ որոշումը:
Նշեմ նաև, որ ըստ Սահմանադրության ԱԺ լուծարումը ևս երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո է, Միհրանյանը շտապում է Կարեն Կարապետյանին դրդել ռուսաստանյան ճանապարհներ տեսածի որոշումներ ընդունել:
Ինչ վերաբերում է «Ադրբեջանի ու Թուրքիայի հետ պատերազմող» Հայաստանին վտանգների մասին զգուշացնելուն,… ինչ կարող է իմանալ Մոսկվայում բազմած մարդը ասենք Ապրիլյանի մեր ապրումներից:
Մենք Ռուսաստանում ապրող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի վախերին ու թելադրանքներին հետևելու Հայրենիք չունենք:
Մի արի տուն:
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ