ՊՊԾ գնդի գրավման գործով 11 անդամի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց
Իրավունք
18:21 11/05/2018
Հայաստան

ՊՊԾ գնդի գրավման գործով 11 անդամի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի 11-ին դատավոր Արշակ Վարդևանյանի նախագահությամբ կայացավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը։ Այն անցավ լարված պայմաններում։

11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ իրենց պաշտպանյալներին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Դատարանը մերժեց այդ միջնորդությունը։ Ի պատասխան՝ պաշտպանները ցուցադրաբար դատական նիստերի դահլիճը լքեցին դատավճռի հրապարակման ընթացքում։

Դատարանը բավարարեց պաշտպան Գյուրջյանի միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ՝ նշանակվեց դատաբժշկական հանձնաժողովի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվեց ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, պարզել՝ ամբաստանյալ Արամ Հակոբյանը ներկա պահին ի՞նչ հիվանդություններով է տառապում, արդյո՞ք այդ հիվանդությունը բացառում է դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը կամ խոչընդոտում է կալանքի տակ գտնվելուն կամ պատիժը կրելուն։ Արամ Հակոբյանը կներկայացվի դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ։

Դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 18-ին։

Placeholder