Ո՞ւմ հետ են աշխատելու լրագրողները
Կառավարության նոր անդամների նշանակումից հետո Panorama.am-ի թղթակիցը փորձեց ճշտել՝ փոխվե՞լ են արդյոք մամուլի խոսնակների գործառույթները կատարող անձինք, թե՞ կան այնպիսիք, ովքեր շարունակելու են կատարել իրենց պարտականությունները։
Սկսելով գործադիրի ղեկավարից՝ փաստենք. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահի դրությամբ դեռևս մամուլի քարտուղար չունի։
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար է նշանակվել Կարպիս Փաշոյանը։ Առայժմ մամուլի քարտուղար չունի նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինիս գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը նշեց, որ այս պահին դիտարկվում են բազմաթիվ թեկնածուների ինքնակենսագրականներ։ Նա հավաստիացրեց, որ մամուլի քարտուղար կնշանակվի արդեն մոտակա օրերին։
ՀՀ արդարադատության նախարարությունում մամուլի խոսնակ, որպես այդպիսին, չկա։ ԶԼՄ-ների հետ աշխատանքը, ինչպես նախկինում, այսուհետ ևս համակարգելու է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։
Գյուղատնտեսության նախարարի մամուլի նոր խոսնակ է նշանակվել Գայանե Մանուկյանը։ Վերջինս երկար տարիներ եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի լրատվական բաժնի պատասխանատուն, զբաղեցրել է նաև Գնահատման և թեսթավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակի պաշտոնը, ինչպես նաև 2006-2007 թվականներին համակարգել է ՀՅԴ նախընտրական շրջանի աշխատանքները։ Համակարգել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ «Մամուլը 100 տարի առաջ և ականատեսի պատմությունը» բաժնի աշխատանքները։
Գյուղնախարարության նախկին մամուլի խոսնակ Անի Սմբատյանը նույն պարտականություններն այսուհետ կկատարի արդեն ՀՀ մշակույթի նախարարությունում։ Ինչ վերաբերում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության մամուլի խոսնակին, ապա այս պահին այդ պաշտոնում շարունակում է աշխատել Լուսինե Մարգարյանը։ Կշարունակի՞ աշխատել նաև հետագայում, նախարարությունից դժվարացան ասել։ ՊՆ մամուլի խոսնակի պարտականությունները, ինչպես վերջին մի քանի տարիներին, կկատարի Արծրուն Հովհաննիսյանը։
Չփոփոխված մամուլի քարտուղարների շարքում են նաև ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Անահիտ Առաքելյանը, մի շարք նախարարությունների հասարակայնության հետ կապերի վարչությունների պետեր և պետերի տեղակալներ, ինչպես օրինակ՝
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ, մամուլի քարտուղարի պարտականություններ կատարող Նանա Գնդոյանը, Սպորտի նախարարության հասարակայնության հետ կապի վարչության պետ Աստղիկ Մարտիրոսյանը, Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայոնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։
Իսկ ահա Սփյուռքի նախարարությունն այս պահին մամուլի քարտուղար չունի։ Նախարարի հրահանգով առայժմ ռեզյումեների դիտարկման փուլ է ընթանում։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակված Արծվիկ Մինասյանն էլ որոշել է չփոխարինել մամուլի իր նախկին խոսնակ Մարինե Կարապետյանին: Վերջինս այդ պարտականությունները կատարում էր նաև այն ժամանակ, երբ դեռ Մինասյանն աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում։
Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարությանը, ապա այս գերատեսչության մամուլի նոր քարտուղար է նշանակվել Լիանա Եղիազարյանը, ով 2010 թվականինց աշխատում է Հանրային ռադիոյում՝ որպես լրագրող։ Վերջինս համատեղելու է երկու աշխատանքները, քանի որ օրենքը նման դրույթ թույլ է տալիս։ Հանրային ռադիոյում Լիանա Եղիազարյանը կաշխատի կես դրույքով։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի նոր քարտուղար էլ նշանակվել է Արմինե Մուրադյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ մինչ այս աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում, «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ում՝ րպես արտաքին կապերի փոխնախագահ, մասնագիտությամբ միջազգայնագետ է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին