Պետք է տեսնել բոլոր այն մեղավոր անձանց, որոնք ապրել են բանակի ու պետության հաշվին. Գ. Պետրոսյան
««Ծառուկյան» խմբակցության» վերաբերմունքը լինելու է շատ կոշտ»,- ԱԺ-ում ճեպազրույցների ժամին հայտարարեց խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Խոսելով Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հնարավոր քվեարկությունից, նա ասաց, որ խմբակցությունում այս հարցով դեռևս քննարկում չի եղել. «Բայց նման գործելաոճից հետո, ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս պետք է լինի մեր քվեարկությանը»:
«ՀՀ-ում բոլորը պետք է գիտակցեն, որ Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, մթնոլորտ է փոխվել, իսկ ժողովուրդն ու ներկայիս իշխանությունները պատրաստակամ ու վճռական են, որ լինի օրենքի գերակայություն»,- հացելեց նա:
Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ շարունակեց, թե իրենց դաշինքը միշտ էլ շահագրգռված է՝ ցանկացած իրավախախտում բացահատելու ու պատժելու մեջ:
«Մենք այս ամենը շատ ավելի կողջունենք, եթե այս միջոցառումը չավարտվի մեկ անձով, որովհետև ես չեմ կարող կիսել այն կարծիքը, որ այս երկրում կա մի միամիտ մարդ, որը մտածում է, թե այս ամեն ինչը պարփակված է մեկ անձի շրջանակում: Իրավապահ մարմինները պետք է հետամուտ լինեն, որ բացահայտեն այս արարքի հովանավորներին, կազմակերպիչներին: Եթե մենք իսկապես ցանկանում ենք արդարության մթնոլորտ ապահովել ՀՀ-ում, ապա պետք է տեսնել այն մեղավոր անձանց, որոնք ապրել են բանակի ու պետության հաշվին»,-նշեց նա:
Լրագրողների հարցին, թե հնարավոր է Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս»-ի կոչումից, նա պատասխանեց, որ նման որոշում կայացնելու իրավասությունը դատարանին է:
«ՀՀ գործող քրեական օրենսգրքի համաձայն՝ զինվորական և այլ հատուկ կոչումներից զրկելը հանդիսանում է որպես լրացուցիչ պատժատեսակ, որը թողնված է դատարանի հայեցողությանը այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ծանր և առանձնակի ծանր հանցագործություններին: Հարգելով անմեղության կանխավարկածը, միևնույն է, այստեղ կա հանցագործություն, որը չի կարող համարվել թեթև կամ միջին ծանրության, այսինքն՝ իսկապես կա ծանր կամ առանձնապես ծանր հանացագործություն, հետևաբար, դատարանը լիարժեք իրավասու է կիրառել այ պատժատեսակը»,- պարզաբանեց պատգամավորը: