ԱԳՆ խոսնակը Կոստանյանի հրաժարականի մասին
Մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ Գևորգ Կոստանյանը ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է, իրականությանը չի համապատասխանում: Այդ կառույցում ՀՀ պատվիրակության ղեկավարը ՀՀ արտգործնախարարն է: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հրաժարականին:
ԱԳՆ ներկայացուցիչը ձեռնպահ մնաց գնահատական հնչեցնել ՄԻԵԴ-ում Կոոստանյանի 14-ամյա գործունեությանը՝ նկատելով, որ գործունեության մասին պետք է դատել աշխատանքի արդյունքներով:
«Պարոն Կոստանյանի 14 տարիների աշխատանքի արդյունքները հայտնի են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ ԵԽ անդամության հնարավոր դադարեցման գործընթացին՝ Տիգրան Բալայանը նկատեց, որ այդ գործընթացը մեկնարկել է ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ:
«Դա երկարատև գործընթաց է, որը տեսականորեն կարող է բերել որևիցե երկրի անդամակցության դադարեցմանը կամ կասեցմանը Եվրախորհրդում: Դրա նախաձեռնողը հայկական կողմը չէ, դրա նախաձեռնողը ԵԽ գլխավոր քարտուղարն է՝ Ադրբեջանի կողմից պարբերաբար ԵԽ պարտավորությունները խախտելու, ՄԻԵԴ որոշումները չկատարելու պատճառով»,- ասաց նա: