Մարուքյան. Պետք է իմացող-թաքցնողները նույնպես պատասխանատվության ենթարկվեն
«Այլ կարծիք չի կարող լինել, որ օրենքի ողջ խստությամբ մեղավորները պատասխանատվության պետք է ենթարկվեն»,-Աժ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեի ԱԱԾ բացահայտումներին։
Պատգամավորը շեշտեց, որ պետք է իմացող-թաքցնողները նույնպես պատասխանատվության ենթարկեն. «Կարծում է, որ Հանրապետական խմբակցությունը պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի և աջակցի իրավապահ մարմիններին, Գլխավոր դատախազի հնարավոր միջնորդությամբ սահմանված կարգով ընթացքն իրականացվի։ Քաղաքական իշխանություններն արդեն կրում են պատասխանատվություն այս տեղեկության տարածումից, քանի որ սա ծանրագույն հարված է»։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և պատասխանատվության ենթարկելու ընթացակարգին, Մարուքյանն ասաց. «Վաղը արտահերթ նիստ կա, Սահմանադրության երկու սուբյեկտ կա արտահերթ նիստ հրավիրելու՝ Կառավարությունը և պատգամավորները համապատասխան ստորագրություններով: Կարծում եմ՝ Կառավարությունը կարող է նիստ գումարել, արտահերթի օրակարգի որոշման մեջ լրացում կատարել և լրացնել ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը: Այնտեղ երկու կոմպոնենտ կա՝ մեկը քրեական հետապնդումն է, մյուսը՝ ազատությունից զրկելու մասին է: Երկու դեպքում էլ խորհրդարանը համաձայնություն պետք է տա, չգիտեմ՝ որ մասով կլինի միջնորդությունը, բայց հարցը կարող է մտնել արտահերթ օրակարգ և վաղը քննարկենք»:
Նա նշեց նաև, որ կարող են արտահերթ նիստ հրավիրել պատգամավորների կողմից ստորագրահավաքի միջոցով և որի օրակարգում կրկին կարող է լինել մեկ այլ պատգամավորի նկատմամբ տեղի ունեցող քրեական արդարադատության գործընթացը: