Մեր քայլերի նպատակն է երկրում իրականացել իրական փոփոխություններ. վարչապետ
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Երևանում է։ Այսօր ԵԽ պատգամավորներին ընդւոնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանք ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների ընթացքն ու ընդգծել, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ գործադիրի ղեկավարը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության մեջ մենաշնորհների դեմ պայքարի և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներն ու ծրագրերը:
Վարչապետն իր դիտարկումներն է ներկայացրել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունների և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված՝ շեշտելով, որ դրանց նպատակն է լինելու ապահովել և երաշխավորել ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը:
«Մեր քայլերի նպատակն է երկրում իրականացել իրական փոփոխություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ԵԽ պատգամավորները նշել են, որ ուշադրությամբ հետևել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին, կարևորել ու ողջունել դրանց խաղաղ և ոչ բռնի հանգուցալուծումը՝ ժողովրդավարական սկզբունքների ու Սահմանադրության շրջանակում: Նրանք ընդգծել են, որ Եվրոպական միությունը պատրաստ է օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման քայլերին ու նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ԵԽ պատգամավորների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, քաղաքականության և բիզնեսի տարանջատմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և այլ թեմաների:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է նաև Գերմանական զարգացման բանկի (KFW) Միջին Ասիայի ու Հարավային Կովկասի տարածաշրջանի համակարգող Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
Գործադիրի ղեկավարը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Ընդգծելով, որ Հայաստանի հետ գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ Օլաֆ Զիմելկան հավելել է, որ Գերմանական զարգացման բանկը պատրաստ է նպաստել փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: