ՊՆ-ը մատակարար կազմակերպությունների նկատմամբ ուշացման տույժեր կիրառելու մասին
Հասարակություն
18:28 18/06/2018
Հայաստան

ՊՆ-ը մատակարար կազմակերպությունների նկատմամբ ուշացման տույժեր կիրառելու մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է.

«Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարություն են դիմել մի շարք մատակարար կազմակերպություններ, խնդրելով ուշացման տույժեր չկիրառել ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերի գնման ժամանակացույցով մայիս ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված խմբաքանակների նկատմամբ` հիմնավորելով, որ պայմանագրերին կից համաձայնագրերը կնքվել են  ապրիլի 27-ից մայիսի 11-ը ընկած ժամանակահատվածում և ներքաղաքական զարգացումների հետ կապված հնարավոր չի եղել լիարժեք կատարել պայմանագրային պարտավորությունները:

Ուսումնասիրելով ներկայացված փաստարկները և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի և մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի ֆորս-մաժորային դրույթները, որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքած կազմակերպությունների`  ապրիլ-մայիս ամիսների համար ստանձնած պարտավորությունների կատարման գծով ուշացումների հաշվարկում չընդգրկել 20.04.2018-10.05.2018թթ. ժամանակահատվածը:

Ըստ այդմ, ապրիլ ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված կամ թերի մատակարարված ապրանքների, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց պայմանագրերով սահմանված տույժերը կհաշվարկվեն մայիսի 21-ից սկսած ուշացման օրերի համար, իսկ մայիս ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված կամ թերի մատակարարված ապրանքների, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց պայմանագրերով սահմանված տույժերը կհաշվարկվեն հունիսի 11-ից սկսած ուշացման օրերի համար»։

Placeholder
ՊՆ-ը մատակարար կազմակերպությունների նկատմամբ ուշացման տույժեր կիրառելու մասին