Հնդկաստանում գողերը 200 կգ մազ են գողացել
Նյու Դելիում երեք տղամարդ թալանել են կեղծամների պատրաստման արհեստանոցը։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Assosiated Press-ին, գրում է, որ գողերը ներկայացել են որպես հաճախորդ, մտել են արհեստանոց և, ատրճանակով սպառնալով սեփականատիրոջը, գողացել են մազեր։ Նրանք ընդհանուր առմամբ գողացել են 200 կգ մազ ինչպես արդեն պատրաստված կեղծամի տեսքով, այնպես էլ որպես դրանց համար պատրաստման նյութ։ Սեփականատերն ասել է, որ այդ մազերը գնելու համար 17 հազար դոլար պարտք էր վերցրել։
Աղբյուրի հաղորդմամբ, Հնդկաստանում մազերի հետ կապված բիզնեսը լայն տարածում ունի և տարեկան շուրջ 300 միլիոն դոլարի եկամուտ է բերում ի շնորհիվ կեղծամների և մազերի ընդարձակման համար նյութերի արտահանման։
Մազերի մեծ մասը հավաքվում է հնդկական տաճարներից, որտեղ մարդիկ սափրում են գլուխը ի նշան սուրբ զոհաբերության։ Օրինակ, Տիրուպակի քաղաքի տաճարն ամեն տարի հավաքում է հարյուրավոր տոննա մազ, որոնց համար աճուրդներում ստանում է միլիոնավոր դոլարներ։