Օծվել է Արդվու Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռին կից զանգակատան խաչը
Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, օծվել և տեղադրվել է Թումանյանի տարածաշրջանի Արդվի համայնքի Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռին կից վերակառուցված զանգակատան խաչը:
Սուրբ Հայրապետի շիրիմը դարեր շարունակ ուխտագնացության և հոգեկան հաղորդության սրբազան վայր է եղել: Դարերից մեր օրեր հասած այս պատմական զորավոր վայրը խիստ խնամքի, փլուզումից փրկելու և բարեկարգման կարիք ուներ:
Մարզպետարանից մանրամասնում են, որ Սեպուհ Սրբազանի դիմում-խնդրանքին ընդառաջ՝ Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռի ծածկի և զանգակատան վերականգնման շինարարական աշխատանքների ու բարեկարգման բարերարությունը ստանձնել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:
Համալիրի վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացվել են Սրբազան հոր անմիջական վերահսկողությամբ: Վերականգնման նախագծի հեղինակն է Մայր Աթոռի ճարտարապետ Մերի Դանիելյանը: