Սիրիայի դեսպանը խոսել է հայկական արտադրանքը արաբական երկրների շուկաներում ներկայացնելու հնարավորության մասին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը այսօր ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում բարեփոխումների ընթացքը, անդրադարձել սիրիացի գործարարների համար դեպի ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ Հայաստանը որպես հարթակ դիտարկելու հնարավորությանը։
Դեսպանը նշել է տնտեսական համագործակցության ընդլայնման սիրիական կողմից տրվող արտոնությունների, ինչպես նաև, հայկական արտադրանքը Սիրիայի միջոցով արաբական երկրների շուկաներում ներկայացնելու հնարավորության մասին։
Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը նույնպես կարևորել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, ինչը կնպաստի բազմաթիվ հարցերի լուծմանը։
Հանդիպմանը խոսվել է ներդրումների խթանման, համատեղ արտադրությունների հիմնման, ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու և մի շարք այլ հարցերի մասին։
Դեսպանը հայտնել է առաջիկայում հայաստանցի լրագրողների Սիրիա նախանշվող ճանաչողական այցի մասին, ինչը զբոսաշրջության զարգացումը կխթանի, ինչպես նաև տեղեկացրել Հայաստանում սիրիական արտադրանքի ցուցահանդես կազմակերպելու նպատակահարմարության մասին, ինչը, թերևս, հնարավորություն կտա հետագայում Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ունենալ մշտական ցուցադրություն։