ԱԱԾ. Ձերբակալվել են Զինկոմի Մասիսի բաժանմունքի պետը, նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիսների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջնորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշտոնատար անձինք, բժշկական կենտրոնների աշխատակիցները, որպես կաշառք ստացած գումարների դիմաց, իրակա-նացրել են զորակոչիկներին պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքերով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներին նախընտրելի զորամասեր տեղափոխելու, տարբեր ախտորոշումներով վաղաժամկետ զորացրելու գործընթացներ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել և քննվել են քրեական գործեր, ինչի մասին հանրությանը պարբերաբար իրազեկվել է և կոչ արվել` ձեռնպահ մնալ նման եղանակներով զինվորական ծառայու-թյունից խուսափելուց:
Ըստ աղբյուրի, չնայած այդ հանգամանքին և բազմաթիվ նախազգուշացումներին, պետության անվտանգությանն անմիջականորեն սպառնացող ապօրինի այդ գործընթացում ներգրավված անձինք դեռևս փորձում են անօրինական ճանապարհներով գումարներ վաստակել:
Ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով նման հանցավոր երևույթների դեմ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հուլիսին բացահայտել է ևս մեկ դեպք:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետ Ս.Բ-ն, 2018 թվականի առաջին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա թվով 4 զորակոչիկների պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասն իր ծանոթի միջոցով փոխանցել է բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետին` ցանկալի ախտորոշում ստանալու համար, իսկ գումարի մյուս մասը՝ Մասիսի զինկոմիսարիատի նախկին աշխատակից, պահեստազորի մայոր Մ.Գ-ին` Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով այդ զորակոչիկների տարկետումը կազմակերպելու համար:
«Պարզվել է նաև, որ Մ.Գ-ն դեռևս պաշտոնավարման ընթացքում 4000-ական ԱՄՆ դոլար գումարի դիմաց, կազմակերպել է թվով 2 այլ զորակոչիկների տարկետումներ տրամադրելու գործընթացը: Բացի այդ, նա զինծառայության հետ կապված տարբեր հարցեր կարգավորելու պատրվակով 7 այլ անձանցից վերցրել է 150-4000 ԱՄՆ դոլար գումարներ, սակայն ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով` խաբեությամբ հափշտակել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը ձերբակալվել են: ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նրանց մեղադրանք է առաջադրվել և ընտրվել խափանման միջոցներ: Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնում են ԱԱԾ մամուլի կնետրոնից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Զինկոմները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում
- Կալանավորվել է զինվորական կոմիսարի տեղակալը
- Թալինի զինվորական կոմիսարիատի սպան խարդախություն է կատարել