BBC. Հայկական «գիգանտ» վարունգը հավակնում է ռեկորդակիր լինել
Ծագումով հնդիկ բրիտանացի գյուղատնտես Ռաղբիր Սինգ Սանղերան իր ջերմոցում վարունգ է աճեցնում: Դրանցից մեկը հասել է 129.54 սմ-ի: BBC-ն գրում է, որ բանջարեղենը դեռ շարունակում է աճել՝ երկարում է և հաստանում:
Գյուղատնտեսը նկատել է, որ այն հավակնում է Գինեսի գրքում գրանցվելուն, որպես աշխարհի ամենաերկար վարունգ:
Բրիտանացի փորձագետները նշել են, որ դա վարունգի ոչ սովորական սորտ է:
«Հավանական է, որ այն սովորական չէ, այն հայկական է, որը սեխի նման է»,-ասել են նրանք,
կարծիք հայտնելով, որ այն չի կարող ներկայացվել Գինեսի գրքում գրանցվելու համար:
Ռեկորդների գրանցմամբ զբաղվող գրասենյակի խոսնակն էլ նշել է, որ հայկական վարունգի համար կարելի է նոր անվանակարգ առաջարկել:
Գյուղատնտեսը պատմել է, որ ինքը չորս ամիս առաջ չորս նման բույս է տնկել, երեքի բերքը կերել են, այս մեկը դեռ աճում է:
«Ես բույսի կողքին մի տեղ եմ առանձնացրել, նստում եմ ու նայում վարունգին: Հպարտ եմ, որ այն աճում է: Ես երջանկանում եմ՝ տեսնելով, թե այն ինչպես է աճում»,-ասել է ծերունի գյուղատնտեսը: