Գերիշխող ապրանքային շուկաներում գները կայուն են. ՏՄՊՊՀ
«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից այսօր կատարված դիտանցման արդյունքներով, գերիշխող ապրանքային շուկաներում գները հիմնականում կայուն են, իսկ ինչպես և հայտարարվել էր մի քանի օր առաջ, որոշ շուկաներում, պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով արձանագրվել է գնի նվազում (շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ձու, կաթնամթերքի որոշ տեսակներ և այլն)»,- այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից։
Հանձնաժողովի փոխանցմամբ՝ իրենց մոնիթորինգը փաստում է, որ սոցիալական կարևորության հիմնական ապրանքային շուկաներում գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Մասնավորապես խոսքը վերաբերում է ձեթի, կարագի, կաթնամթերքի, մակարոնեղենի, ձկան, հավի մսի և այլ շուկաներին։
Գնային բարձրացում չի արձանագրվել նաև ալյուրի շուկայում: Բարձրակարգ ալյուրի 1 կիլոգրամը վաճառվում է 202 դրամով:
«Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ գնաճի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են: Հարկ ենք համարում նաև նշել, որ քաղաքացիների դժգոհությունները, ըստ մամուլի հրապարակումների, կապված են հիմնականում սեզոնային մրգերի և բանջարեղենների թանկացման հետ: Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ Մրցակցային մարմինը, օրենքի պահանջին համապատասխան վերահսկողություն է իրականացնում բացառապես գերիշխող ապրանքային շուկաներում, ինչն այս պարագայում առկա չէ:
Գյուղատնտեսական մթերքների շուկայում գործունեություն են իրականացնում հարյուրավոր փոքր և միջին մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ և որևէ տնտեսվարող չի համապատասխանում գերիշխող համարվելու համար օրենքով սահմանված չափորոշիչներին: Դրանք մրցակցային շուկաներ են, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմներին համապատասխան; Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը և գյուղմթերքների գների բարձրացման հետ կապված սպառողների մտահոգությունը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է ոլորտի պետական լիազոր մարմին՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը:
Լիազոր մարմնի պարզաբանմամբ, խնդիրը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես գյուղատնտեսության համար անբարենպաստ շոգ եղանակային պայմաններով: Հանձնաժողովը շարունակում է ամենօրյա դիտանցումները սոցիալական նշանակության խոշոր ապրանքային շուկաներում և չարաշահման փաստեր հայտնաբերելու դեպքում կկիրառի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ»,- հայտնում են ՏՄՊՊՀ-ից։