Նպաստներ և օգնություններ ստանալու համար պետք է ներկայացնել նոր փաստաթղթեր
Հասարակություն
18:00 07/08/2018
Հայաստան

Նպաստներ և օգնություններ ստանալու համար պետք է ներկայացնել նոր փաստաթղթեր

2018 թվականի օգոստոսի 7-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2014 թ․-ի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ որոշման համաձայն՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու և այդ համակարգով իրականացվող ծրագրերից օգտվելու (ընտանեկան, սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն, մարդասիրական օգնություններ և այլն) համար դիմող ընտանիքը այսուհետ պետք է ներկայացնի երկու նոր փաստաթուղթ ևս։

Տեղեկանք ԱՔՌԱ վարկային բյուրոյից։

Ընտանիքի չափահաս յուրաքանչյուր անդամի՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին տեղեկանքը քաղաքացին կարող է ստանալ անձամբ (այդ թվում` առևտրային բանկի մասնաճյուղի միջոցով)։ Տեղեկանքն անձամբ չստանալու դեպքում պետք է առկա լինի բոլոր չափահաս անդամների կողմից տրված համաձայնությունը կամ նրանց կողմից տրված նոտարական կարգով հաստատված լիազորագիր նպաստ ստանալու համար դիմող անձի անունով` ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցում կատարելու վերաբերյալ։

Հայտարարություն ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին։

Բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և տվյալ հաշվետու տարվա ընթացքում դրա վրա հաշվեգրված տոկոսների մասին:

Նախաձեռնության նպատակն է կատարելագործել ընտանիքների անապահովության գնահատման համակարգը և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ-ների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը:

Ընտանիքի անդամների վարկային պատմության և խնայողական միջոցների մասին տեղեկատվություն ստանալու միջոցով կիրառվելու են ընտանիքի եկամուտը ճշտելու և ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները հնարավորինս ճիշտ բնորոշելու վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ:

Placeholder
Նպաստներ և օգնություններ ստանալու համար պետք է ներկայացնել նոր փաստաթղթեր