Գալուստ Գրիգորիչ ջան, խնդրում եմ ՝ այս անգամ կողմ քվեարկեք. Հրաչյան Հակոբյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակն է, այսօր ԱԺ-ում քվեարկությունից առաջ խորհրդարանականներին հորդորեց կողմ քվեարկել իր առաջարկին:
«Քանի որ Սամվել Ֆարմանյանի օրինագիծը դուրս եկավ քվեարկությունից, կարծում եմ՝ լավ առիթ է, որ այս օրինագիծը ընդունենք: Գալուստ Գրիգորիչ ջան, խնդրում եմ ՝այս անգամ կողմ քվեարկեք, կարծում եմ՝ հրատապ է այս հարցը, քանի որ տեսնում եք՝ տոտալիզատորների գովազդները խեղդում են բոլորին»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ Հրաչյա Հակոբյանը դիմեց հատկապես Գալուստ Սահակյանին, քանի որ նախորդ նախագծերը ԱԺ-ում չընդունվեցին վերջինիս ձեռնպահ քվեարկության պատճառով:
Այս նախագիծը ևս 52 կողմ ձայնով չընդունվեց:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկեց հարցը վերաքվեարկության դնել. «Պետք է գիտակցել, որ սա շատ կարևոր օրենք է: Մի հատ էլ դնենք»:
ԱԺ նախագահ Արա Բալոյանը նշեց, որ ինքը վերաքվեարկություն կհայտարարի միայն այն դեպքում, եթե չքվեարկած պատգամավորը հայտարարի, որ իր քվեարկությունը չի ստացվել, բայց եթե նման հայտարարություն չկա, ուրեմն սկզբունքորեն չի ցանկացել քվեարկել։
«Ես չեմ կարող ճնշել պատգամավորներին»,-ասաց ԱԺ նախագահը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին կոչ արեց հարգել յուրաքանչյուր պատգամավորի քվեարկելու կամ չքվեարկելու իրավունքը:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ ըստ էության խորհրդարանում անկարևոր հարցեր չեն քվեարկվում:
«Առաջիկայում ընտրություններ են լինելու և այս իրավիճակը, այս մթնոլորտն անընդունելի է՝ գալ, նստել դահլիճում և բնականոն գործընթացը խաթարել: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ երեք տարբերակ կա քվեարկության նաև չորրորդը կա՝ չքվեարկել: Միքայել Մելքումյանի դիտարկումը բնականոն ռեժիմին անցնելու հետ է կապված»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան