Սամվել Ֆարմանյանն առաջարկեց իր հեղինակած օրինագիծը քվեարկության չդնել
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօրվա նիստի ժամանակ առաջարկեց քվեարկությունից հանել իր հեղինակած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը:
Մինչ այդ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններից հայտարարեցին, որ չեն մասնակցի քվեարկությանը: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նախագիծը բացեր ունի և եթե ընդունվի, անխուսափելիորեն քաոս կառաջացնի:
Նախագծի հեղինակ Սամվել Ֆարմանյանը չհամաձայնեց հնչած տեսակետի հետ՝ հակադարձելով, որ օրինագիծը ո՛չ քաոս է ստեղծում, ո՛չ էլ բացեր ունի:
«Ընդամենն ասում է՝ արգելենք քաղցկեղի գոյությունը «վիվառոների», «տոտոների» տեսքով, բայց հաշվի առնելով, որ իմ ներկայացրած նախագիծը քաղաքական աջակցություն չունի, ճիշտ կլինի չդնել քվեարկության: Հուսով եմ, որ գալիք խորհրդարանում այս խնդիրը լուծում կստանա, միևնույնն է, վաղ թե ուշ որևէ կառավարություն այս ռադիկալ լուծմանը գնալու է»,- համոզմունք հայտնեց նա:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, ապա վերջինս նշեց, որ վիճակախաղերի հետ կապված խնդիրներ երկրում իսկապես կան, և ապագա խորհրդարանը պետք է անպայմանորեն անդրադառնա դրանց:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին հայտարարեց, որ ինքը նախօրեին Սամվել Ֆարմանյանին հորդորել է օրինագիծը քվեարկության չդնել, և նա ճիշտ է վարվում, որ օրինագիծը քվեարկության չդնելու առաջարկությամբ է հանդես գալիս:
«Պարո՛ն Ֆարմանյան, դուք ճիշտ վարվեցիք այս պահին, որովհետև օրենքները քաղաքական աջակցություն պետք է ունենան»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ նշեց, որ «Սիմ» կուսակցությունն ամբողջությամբ աջակցում է այս նախաձեռնությանը, և եթե այն քվեարկության դրվեր, ինքը միանշանակ կողմ կքվեարկեր:
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկությունից հանեք նախագիծը, այն գրագետ չէ. Նաիրա Զոհրաբյանը՝ Սամվել Ֆարմանյանին
- Բուքմեյքերները խեղում են հայ ընտանիքները. Միքայել Մելքումյան
- Տարատեսակ բուքմեյքերները Հայաստանում քաղցկեղ են, չարիք. Սամվել Ֆարմանյան
- Բուքմեյքերական գրասենյակներում ստավկաներ ենք դրել, արձանագրել 11% տնտեսական աճ. Փաշինյան
- Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը պետք է հայտարարվի օրենքից դուրս. Ֆարմանյան