Դատախազություն. Հնարավոր ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել
Իրավունք
11:20 16/11/2018
Հայաստան

Դատախազություն. Հնարավոր ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դատախազության համակարգում ստեղծվել է աշխատանքային խումբ:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից ու մանրամասնում, որ խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը:

Գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրելու է արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումները, լուծելու է դրանց ենթակայության հարցը, գործնական աջակցություն է ցուցաբերելու դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին այդ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ
դատախազական հսկողություն իրականացնելիս:

Բացի այդ խմբի գործառույթների մեջ է մտնում նաև պատշաճ և օպերատիվ լուսաբանմամբ իրականացվող աշխատանքների հրապարակայնության ապահովումը:

«Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ընտրական իրավախախտումների
վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու, ինչպես նաև ընտրական գործընթացում
ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ
բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով
սերտորեն համագործակցել ՀՀ ԿԸՀ-ի, դիտորդական առաքելություն իրականացնող և
շահագրգիռ այլ կազմակերպությունների, իրավապահ մյուս մարմինների,
ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների հետ:

ՀՀ գլխավոր դատախազը դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և
դատախազներին հանձնարարել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ
հաղորդումները քննարկել և դրանց ընթացք տալու հարցը լուծել հնարավոր
ամենասեղմ ժամկետներումում»,-հայտնում են դատախազությունից։

Placeholder
Դատախազություն. Հնարավոր ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել