Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին ընկերությունները 350 թափուր աշխատատեղ են ներկայացրել
Հասարակություն
14:53 16/11/2018
Հայաստան

Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին ընկերությունները 350 թափուր աշխատատեղ են ներկայացրել

ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ  «Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթ» միջոցառումների շրջանակում Երևանում մեկնարկեց  Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը, որի նպատակն է առաջարկել աշխատանք փնտրողներին` հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, իսկ գործատուներին հնարավորություն տալ գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ:

Միջոցառման  համակարգող Հայկուհի Գևորգյանը նշեց, որ սա աշխատանք փնտրողների, ինչպես նաև աշխատողների համար հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն աշխատանք գտնել, այլև կարիերայում առաջխաղացում ունենալ:

Նրա խոսքով՝  արդեն իսկ ներկայացված է 350 թափուր աշխատատեղ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության,  սպասարկման ոլորտներում:

«Ընկերությունները ոչ միայն  որակյալ մասնագետների պահանջարկ ունեն, այլև հնարավորություն են տալիս սկսնակներին աշխատանք ունենալ իրենց ընկերություններում: Կան կազմակերպություններ, որտեղ ուսանողները կարող են նաև պրակտիկա անցնել»,- ասաց Հայկուհի Գևորգյանը:

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը կարևորելով տոնավաճառի անցկացումը՝  նշեց, որ այն հնարավորություն է տալիս ուսանողներին ծանոթանալ կրթական հնարավորություններին, իսկ գործատուներն էլ կկարողանան գտնել պոտենցիալ աշխատակիցների:

«Հայաստանում գտնվելու ընթացքում բացահայտել եմ  հայ ժողովրդի ստեղծարար ու նորարար ոգին ու հիանում եմ դրանով: Հայաստանի տնտեսությունը աճի և դիվերսիֆիկացման մեծ ներուժ ունի, և այսօր այստեղ գտնվող երիտասարդ ձեռներեցներն են, որ տարիների ընթացքում օգնելու են իրացնել այդ ներուժը», - ասաց Ռաֆիկ Մասուրը:

Տոնավաճառին ներկայացված ընկերությունների ներկայացուցիչներն  ակնկալում են այս միջոցառման շնորհիվ լավագույն կադրերով համալրել իրենց ընկերություններում առկա թափուր տեղերը:

«Մելանտե» ընկերության մենեջեր Սոնա Մարաբյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2002 թվականից գործող ընկերություն այսօր որակյալ մասնագետների պահանջարկ ունի: Նրանք հույս ունեն, որ այս տոնավաճառի միջոցով կկարողանան գտնել համապատասխան կադրեր:

«Դերձակների, համակարգչային դիզայներների, ձևարարների պահանջարկ ունենք: Մենք նպատակ ունենք Հայաստանում դառնալ միջազգային բրենդներին հավասար բրենդ, դրա համար ընդլայնում ենք մեր գործունեության շրջանակը և մեզ անհրաժեշտ են որակյալ  մասնագետներ: Երիտասարդներին ուզում եմ ասել, որ Հայաստանում, մեր ընկերությունում իրենք կարող են մեծ արդյունքների հասնել, մենք իրոք նրանց կարիքն ունենք»,-  ասաց նա:

Նշենք, որ անցած տարվա տոնավաճառի արդյունքները ոգևորիչ էին. 14 ընկերությունների ունեցած 88 թափուր տեղերի համալրման համար ստացվել է 405 դիմում, իսկ առաջադրվող պահանջներին բավարարող դիմողների 41 տոկոսը տեղավորվել է աշխատանքի:













 

Placeholder
Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին ընկերությունները 350 թափուր աշխատատեղ են ներկայացրել