Գյումրիում և Կոտայքում մարդիկ մոտենում էին մեզ ու բողոքում, որ սկսվել է փող բաժանելու պրոցեսը. Գրիգորյան
Քաղաքական
17:09 03/12/2018
Հայաստան

Գյումրիում և Կոտայքում մարդիկ մոտենում էին մեզ ու բողոքում, որ սկսվել է փող բաժանելու պրոցեսը. Գրիգորյան

«Մենք՝ որպես թիմ, դերաբաժանված գնում ենք առաջ։ Ստեփան Գրիգորյանը որպես դիվանագետ պետք է կանխի պատերազմը, իսկ ես որպես զինվորական պետք է հաղթեմ այն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Ինչ վերաբերում է սահմանը պահելուն՝ նա ասաց. «Պարզ է, որ 18 տարեկանները պետք է հեռու մնան առաջին գծից, սահմանը պետք է հագեցած լինի արդի, ամենաբարձր մակարդակի տեխնիկայով, ինչու չէ, նաև հատուկ, նոր ձևավորված զորքով, որտեղ բացառապես պետք է ծառայության անցնեն այն մարդիկ, որոնք ժառանգներ ունեն։ Մենք դեմոգրաֆիկ խնդիր ունենք և այս հարցին ևս պետք է ուշադիր լինենք։ Մեր երկրին ներքին զորքեր ու ռազմական ոստիկանություն հասկացություն պետք չեն և սրանք լուծարելով, կարող ենք ֆինանսական խնդիրը լուծել»։

«Սասնա Ծռերի» համապետական ընտրացուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն էլ գնահատելով քարոզարշավի անցած յոթ օրերն՝ ասաց. «Քարոզարշավը նորմալ, բնականոն հունով է ընթանում, ժողովրդի արձագանքը դրական է, քննարկումները բավականին ակտիվ են, մարդիկ հետաքրքրովում են մեր ծրագրերով։ Մեր ծրագրային մոտեցումների ընդգծված տարբերությունը նույնպես գրավում է մարդկանց»։

Նրա խոսքով՝ ամեն ինչ տանում է այն հանգուցալուծման, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը կլինի երկրորդ բևեռն առաջիկայում ընտրվելիք Ազգային ժողովում։

«Մեզ հետ հանդիպումներին ժողովուրդն իրեն ոտքով են գալիս»: Ես կասկած չունեի, որ «Սասնա Ծռերը» սիրված, հարգված են ժողովրդի կողմից: Գիտեք, որ այսօր դժվար է 200-300 մարդ հավաքել հանդիպումներին, եթե չես օգտագործում ադմինիստրատիվ ռեսուրսը։ Սակայն մի պրոբլեմի մասին պետք է ասեմ՝ Գյումրիում և Կոտայքում մարդիկ մոտենում էին մեզ ու բողոքում, որ սկսվել է փող բաժանելու պրոցեսը: Դիմում ենք ԿԸՀ-ին, ոստիկանությանն ու այլ պետական ինստիտուտների՝ ուշադիր լինելու և փող բաժանելու պրոցեսները կանխելու կամ դրանց արձագանքելու համար»,- ասաց կուսակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրված քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ «Սասնա Ծռերը» ոչ ոքի թույլ չեն տա նսեմացնել հայ ժողովրդին:

«Հեղափոխություն եղավ, լուրջ դրական տեղաշարժ եղավ, և փորձել նսեմացնել հայ ժողովրդին՝ փող, խոստում բաժանելով, ուղղակի հանցագործություն է: Ոչ միայն քրեական իմաստով, այլև քաղաքական»,- հավելեց Գրգորյանը։

Placeholder
Գյումրիում և Կոտայքում մարդիկ մոտենում էին մեզ ու բողոքում, որ սկսվել է փող բաժանելու պրոցեսը. Գրիգորյան