Դավիթ Անանյանը՝ նոր սերնդի ՀԴՄ-ների մասին
Տնտեսություն
15:27 10/01/2019
Հայաստան

Դավիթ Անանյանը՝ նոր սերնդի ՀԴՄ-ների մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահեցնում է՝ չկա այնպիսի պահանջ, որ նոր սերնդի ՀԴՄ-ներն անպայման պետք է ձեռք բերել ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ից:  Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հարցին, թե ինչու  պետք է նոր սերնդի ՀԴՄ-ների համար տնտեսվարողները վճարեն 160 հազար դրամ, եթե դրանք ավելի էժան կարող են ձեռք բերել այլ երկրներից, ՊԵԿ նախագահը նշեց, որ այդ ՀԴՄ-ները պետք է  համադրելի լինեն այս ՀԴՄ-ների հետ:

«Սոցիալական կայքերում գրում են, որ, օրինակ, հսկիչ դրամարկղային մեքենան Արաբական Միացյալ Էմիրություններում արժե 50-60 դոլար: Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք և համադրություն անենք համադրելի երևույթների միջև: Մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ կառավարության որոշմամբ սահմանվել են տեխնիկական պահանջներ: Ցանկացած մեքենա, որն այդ տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միացվել մեր համակարգին և գործել: Այսինքն՝ ազատականացվել է, և չկա այդպիսի պահանջ, որ անպայման պետք է ձեռք բերեք կոնկրետ ՊՈԱԿ-ի ներմուծված ՀԴՄ-ն»,- նշեց Դավիթ Անանյանը:

Նա հայտնեց, որ ՊՈԱԿ-ի ներմուծած ՀԴՄ-ի ինքնարժեքը կազմում է 158 հազար դրամ, վաճառքի գինը սահմանվել է 160 հազար դրամ, այսինքն՝ գրեթե այնքան, ինչքան ինքնարժեքն է: Ըստ նրա՝  օրենսդրությամբ տրված է հնարավորություն, որ տնտեսվարողները մինչև երկու տարի տարաժամկետ վճարումով դրանք ձեռք բերեն: «Ցանկացած ՀԴՄ, որը կունենա օրենքով սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու գործառույթ, իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն, կարող են բերվել և հարկային մարմնում հաշվառել ու  գործարկել»:

Placeholder
Դավիթ Անանյանը՝ նոր սերնդի ՀԴՄ-ների մասին