Ոչ պատշաճ գովազդ
Ինտերնետը դարձել է հեշտ փող աշխատելու տեղ։ Երևի։ Ինչ ասես գովազդում ու ինչ սուտ ասես վաճառվում է օնլայն։ Առանց վերադարձի իրավունքի։ Կարդում ես, մուծում ես, ստանում ես... ու չի օգտագործվում։ Որոշում ես մյուս անգամ չօգտվել օնլայնից։ Ու թարսի պես հենց այդ ժամանակ մի բարեխիղճը հայտնվում է, որ ամաչում ու փոխում ես կարծիքդ, մինչև... նորից փոցխի վրա կանգնես։
Սա, իհարկե, թեմա է ու արժե շարունակել։
Բայց այսօր ուզում եմ խոսել ֆեյսբուքյան գովազդի մասին.այն «շուստրիների», ովքեր գտնում են, որ հաշվել են ատամներդ, գիտեն ճաշակդ ու սրտիդ ցավը, որպեսզի «կլիկ» հավաքեն։
Քիչ առաջ ֆեյսբուքում հանդիպեցի Ապրիլյանի մեր տղաների լուսանկարին։ Ցավ ու ուրախություն խառնվում էին իրար, մինչև կարդացի՝ «տեսնենք քանի լայք կհավաքի այս նկարը»։
Բացում եմ էջը, մտնում, մի քանի «լուր» է դրած, այնպիսիք, որ կամ ուրախանում ես, կամ հայհոյելդ է գալիս ու, ամենակարևորը՝ ուզում ես պատասխանել այդ աբսուրդին։ Իրենց էլ դա է պետք՝ կլիկ ու մեկնաբանություն։
Ես գրառում արեցի պատին, հրապարակելուցս առաջ մտածեցի, մի անգամ էլ էջի կերպարը քննեցի մտքումս ու նախքան հրապարակելը «սկրին» արեցի։
Այո, այն չհայտնվեց պատին։
Հիվանդ երեխաների, զոհվածների, ապրող հերոսների ժպիտների հաշվին... ի՞նչ եք անում։