Թե բա՝ հայրենասիրություն ու ուժ
Կրկին եթե ոչ անպատշաճ գովազդի, գոնե՝ գովազդային պաթոսի մասին։ Քանի օր է ֆեյսբուքյան լրահոսում աչքովս է ընկնում գովազդ ու զինվորական շորերով լուսանկարված երեխաներ։ Ու ոչ միայն շորերով, այլև՝ զենքերով շրջապատված ու զենքը ձեռքին։
Դե, գիտեք, գովազդային պաթոսը երկնակամարներ է քերթում. Գրված է՝ «Յուրաքանչյուր հայ երեխա պետք է ունենա նման ֆոտոշարք»։ Վերնագիրն էլ, թե՝ «Հայոց բանակ ֆոտոնկարահանում»։
Շատ տխուր էր տեսնել ժպտացող երեխաներին զենքերը գրկած, այս անմիտ գովազդի տակ։ Զարմանալի էր տեսնել մամաների +-ները, որ երևի երազում են իրենց երեխային նկարել զենքով ու զինվորական հագուստով։
Սա՞ է նվիրումը Հայոց բանակին։ Հարցրեք կռված տղաներին՝ կուզեի՞ն տեսնել զենքով երեխաներ։ Հաստատ՝ չէ։ Բա էլ կռիվը ինչի համար է։ Որ երեխաները իրենց մանկությունը զենքից հեռու լինեն։ Նույնիսկ՝ լուսանկարներում։
Տխուր էր։ Այդպես էլ գրեցի։ Պատասխանեցին, որ դա հայրենասիրություն ու ուժ է դաստիարակում։
Գրողը տանի։ Էլ ինչ ենք մտածում ինչպես հայրենասեր ու ուժեղ երեխաներ մեծացնենք։ Ընդամենը պետք էր կամուֆլաժով բարուրել ու լուսանկարել։
Panorama.am-ի լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի
Գովազդված լուսանկարները, բնականաբար, չենք ներկայացնում։