Դավիթ Տոնոյան. Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում
«Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,-այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում։
Ճշտող հարցին, հարձակվելո՞ւ ենք նաև, նախարարն արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ ոչ»։
Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավազքին, Տոնոյանն ասաց, որ ուշադրություն են դարձնելու որակական խնդիրներին. «Դուք տեսաք, մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնելու։ Խոսքը նաև «ՍՈՒ»-երի մասին է»։
Անդրադառնալով քննադատություններին, թե դրանք թանկ են ու նման ծախսն արդարացված չէ, Տոնոյանն ասաց, որ իր համար ավելի թանկ է մեկ շարքային զինծառայողի կյանքը։
«Եթե երկու օդաչու «ՍՈՒ»-երով կարող են առաջնագծից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա կատարել խնդիր և կատարել հազարավոր զինծառայողների խնդիրը, ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը։ Նախկինում էլ, այսուհետ ևս մեր զինծառայողի կյանքը մեզ համար ամենից թանկն է, և մենք գտնելու ենք էֆեկտիվ լուծումներ հակառակորդին զսպելու և հաղթելու»,-նկատեց նախարարը։
Հարցին, թե ՀՀ ԶՈՒ-ն սկսել է նաև հարձակողական զենքեր գնել, Տոնոյանը հաստատեց, ապա հիմնավորեց. «Փոխվում է նաև հոգեբանությունը, մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրել։ Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին