Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ. Բակո Սահակյան
«Եթե կան կասկածներ, անվստահություն կարևոր եմ համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները»,- այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը և «Ազատ Արցախ» թերթի տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «դավադիր ուժերի» հետ կապված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Հարց. Պարո՛ն Նախագահ, այսօր Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին: Արդյո՞ք պաշտոնական Ստեփանակերտը տեղյակ չէր այդ մանրամասներին:
Բակո Սահակյան. Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանն ստանձնեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, բանակցային գործընթացն այն առաջնային հարցերից էր, որոնց շուրջ քննարկումներ են եղել մեր միջեւ: Դրանք ես կարող եմ որակել որպես ազնիվ եւ սկզբունքային, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ:
Վերջերս Հայաստանի Հանրապետության Վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության Վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը:
Առհասարակ, և հիմա, և նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին:
Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն և գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ:
Հարց. Վարչապետ Փաշինյանը նաև հայտարարել է, որ կան որոշ դավադիրներ և Արցախի իշխանության ներկայացուցիչներ, որոնք իրենց օգնականներին հորդորում են ֆեյսբուքում գրառումներ կատարել, թե Փաշինյանը հողեր է ծախում: Ի՞նչ կասեք սրա մասին:
Բակո Սահակյան. Նմանատիպ հարցեր ինձ արդեն ուղղել են, մասնավորապես՝ ս.թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, և եթե որեւէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք:
Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
- Բակո Սահակյան. Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն
- Փաշինյան. Առաջարկում եմ դավադրության տեսությունը Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում հանել