Ապրիլյան պատերազմի մասնակիցների ու մարտական հերթապահություն իրականացրածների ուսման վարձի զեղչերը չեն չեղարկվել
Մամուլում երեկվանից շրջանառվող լուրերը, թե ապրիլյան պատերազմի մասնակիցների ու մարտական հերթապահություն իրականացրածների ուսման վարձի 20 տոկոսի զեղչն իբր չեղարկվել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարը նշեց, որ ըստ ընթացակարգի, այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ նախարարությունը բոլոր դիմումները հավաքագրել է ու փոխանցումները կատարել։
«Եթե մենք շատ էլ ցանկանայինք, այն չէինք կարող չեղարկել։ Ըստ հրապարակումների՝ քաոսային իրավիճակ է բուհերում ու թույլ չեն տալիս, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննություններին»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, երբ ասում են քաոսային իրավիճակ է, մարդիկ կան՝ ուզում են երկրում քաոսային վիճակ ստեղծվի, ուստի որոշում են սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ է, ներքաղաքական անկայունություն է, պայթյունավտանգ իրավիճակ է։
«էդ նույն շղթայի տարբեր օղակներն են։ Ո՞նց կարելի է ընդհանրապես էդպիսի բան լինի, սա այն թեզն է՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձերը չեն տալիս, մասնակիցներին չեն հարգում, հողերը ծախեցին, տվեցին, առած ա, ծախած ա, նույն մարդիկ են ու նույն շրջանակները։ Պարոն Վանեցյան, սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է։ Այսինքն՝ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում կոնկրետ ՀՀ-ի դեմ», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ մարդկանց անուն-ազգանունները հայտնի է. «Լավ, հասկացանք, մեկ, երկու, երեք, չորս, էդ գող-ավազակները էս երկրում իրանց պետք է լավ զգա՞ն, դրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես։ Սա ազգային անվտանգության խնդիր է, լրջորեն զբաղվեք այս հարցերով»։
Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց՝ երեկ կապ է հաստատել շրջանառվող երկու բուհերի ռեկտորների հետ, որոնք վստահեցրել են՝ նման տեղեկություն չեն ունեցել։
Նախարարը նաև նշեց, որ այս ընթացքում նույնիսկ երկրորդ փուլ են իրականացրել ապրիլյան պատերազմի այն մասնակիցների համար, որոնք եթե չէին հասցրել դիմել, ապա կարողանան օգտվել իրենց հասանելիք ուսման վարձի զեղչից։
«Չեմ բացառում, որ մեկ-երկու հոգի կարող է լինեն, որ չեն հասցրել դիմել։ Ես տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հետ խոսեցի՝ մի հոգի կա, ով նոր է եկել արտասահմանից ու չի դիմել, ասել ենք, որ դիմի նախարարություն և կընդառաջենք», - ասաց Արայիկ Հարությունյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ սրանք այն հարցերն են, որոնք ընդհանրապես քննարկման թեմա չպետք է դառնա. «Պատկերացրեք վերնագիրը՝ «կառավարությունը որոշել է կտրել ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձը»: Մեկը մտածում է, որ նման վերնագիր ՀՀ-ում հնարավո՞ր է»։