ԵՄ երկրները հայտարարություն են տարածել՝ Իրանի գործարքի չեղարկման մտավախությունների շուրջ
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան մտավախություն ունեն, որ Իրանի հետ 2015թ․-ի միջուկային գործարքը վտանգի տակ է՝ Պարսից ծոցում աճող լարվածության պատճառով։ Այս մասին գրում է euronews-ը։
Համատեղ հայտարարության մեջ նրանք կոչ են արել վերսկսել բոլոր կողմերի միջև երկխոսությունը։
«Ռիսկերն այնպիսին են, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է մի պահ դադար տան և հաշվի առնեն իրենց գործողությունների հնարավոր հետևանքները։ Մենք հավատում ենք, որ ժամանակը եկել է պատասխանատու կերպով գործելու, լարվածությունը կանգնեցնելու համար ուղիներ փնտրելու և երկխոսությունը վերականգնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 4 տարի առաջ ստորագրված համաձայնագրից ԱՄՆ-ը հայտարարեց դուրս գալու մասին նախորդ տարվա մայիսին ու վերանականգնեց պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Իրանը վերջերս հայտարարեց ուրանի հարստացման ծավալների գերազանցման մասին։ Վերջին շաբաթներին լարվածությունն ավելի մեծացավ, երբ Բրիտանիան առգրավեց իրանական տանկերը՝ կասկածով, որ այն խախտում է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Իրանը պահանջեց, որ Բրիտանիան բաց թողնի նավը և հերքեց, որ այն նավթ էր տեղափոխում Սիրիա`խախտելով Եվրամիության պատժամիջոցները:
Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռուստատեսային ելույթում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը վերացնի պատժամիջոցները և վերադառնա 2015 թ.-ի միջուկային գործարքին, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն էլ հայտարարել է, որ բաց է Իրանի հետ բանակցությունների՝ միջուկային և անվտանգության հարցերում ավելի հեռահար պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Սակայն Իրանը նախապայման է առաջադրում, պահանջելով, որ պետք է կարողանա արտահանել այնքան նավթ, որքան արտահանում էր մինչ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը։
Նշվում է նաև, որ նախօրեին ԱՄՆ-ը վիզա է տրամադրել Իրանի ԱԳ նախարարին՝ մասնակցելու Նյու-Յորքում կայանալիք հանդիպմանը։ Այս որոշումը հավանության է արժանացրել նաև պետքարտուղար Մայք Պոնպեոն։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր է տվել Իրանի արտգործնախարարին
- Իրանական նավերը փորձել են բռնագրավել բրիտանական նավթային տանկերը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում