Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել
Ճապոնիայի կառավարությունն այսօր առավոտյան ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, հայտնել է «Կիոդո» գործակալությունը:
Վարչապետ Սինձո Աբեն ընդունել է իր կաբինետի հրաժարականը: Հրաժարականի պատճառը հուլիսին կայացած խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո կառավարության կազմում Աբեի պլանավորած փոփոխությունն է և հոկտեմբերին սպառողական հարկերի 10 տոկոս բարձրացումը։
Եթե անցած տարվա հոկտեմբերին կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունների ընթացքում շատ նախարարներ պահպանեցին իրենց պաշտոնները, ապա այժմ միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդ Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն կմնան իրենց պաշտոններում:
Երկու նախարարները կփոխարինվեն, ինչպես ասում են Ճապոնիայում, «հորիզոնական» ձևով. արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն կդառնա էկոնոմիկայի նախարար, իսկ արտաքին գործերի նախարարությունը կղեկավարի ներկայիս տնտեսական վերականգնման նախարար Տոսիմիցու Մոտեգին: Նախկին կաբինետներում նախարարների պաշտոններ զբաղեցրած ևս երկու հոգի կրկին կվերադառնան կառավարություն, իսկ մնացած 13-ն առաջին անգամ կմիանան կառավարությանը:
Ակնկալվում է, որ այսօր կեսօրին կհայտարարվի կառավարության նոր կազմի մասին: Այնուհետև երեկոյան նոր կաբինետը կհաստատվի կայսեր կողմից, որից հետո այն կհամարվի ձևավորված։