Ժան-Կլոդ Յունկեր. Եվրամիությունը չի վճարելու Թուրքիայի «անվտանգության գոտու» համար
Հոկտեմբերի 9-ից թուրքական բանակը լայնամասշտաբ գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական աշխարհազորայինների դեմ: Նախօրեի կեսօրին թուրքական ռմբակոծիչները հարձակվել են քրդական դիրքերի վրա, երեկոյան գործի է դրվել թուրքական հրետանին: Օդային հարձակումներից և հրետակոծումից մի քանի ժամ անց Թուրքիան սկսել է ցամաքային գրոհ: ԶԼՄ-նեը հայտնում են, որ տեղում իրավիճակը քաոսային է, մարդիկ լքում են իրենց տները, սակայն չգիտեն, թե ուր գնալ, որպեսզի չհայտնվեն ռմբակոծությունների տակ։ Արդեն իսկ գրանցվել է 8 զոհ, 2 տասնյակից ավելի վիրավորներ, որոնց մեջ են նաև քաղաքացիական անձինք։
Թուրքիան նշում է, որ «Խաղաղության աղբյուր» անունով օպերացիան նպատակ ունի վերացնել Սիրիայի հյուսիսային շրջաններից քրդական աշխարհազորային ստորաբաժանումները և այնտեղ ստեղծել «անվտանգության գոտի»: Այս գոտում նախատեսվում է տեղավորել երկու միլիոն սիրիացի փախստական:
Պետություններն ու միջազգային կառույցները տարբեր տոնայնությամբ դատապարտում ու մտահոգություն են հայտնում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ։
ԵՄ հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը ևս դատապարտել է Թուրքիայի գործողություններն ու պահանջել անմիջապես դադարեցնել այն: Այս մասին գրում է euractiv-ը։
«Ես պետք է ասեմ, որ եթե թուրքական ծրագիրը ենթադրում է, այսպես կոչված, անվտանգ գոտու ստեղծում, չսպասեք, որ Եվրամիությունը կվճարի դրա համար»,-հայտարարել է Յունկերը։