Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը Երևանում գրեթե 95 տոկոսով լուծվել է. Գաբրիել Բալայան
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում շնորհավորեց բոլոր զինծառայողներին և իրենց կյանքը տված զինծառայողների հարազատներին Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ։
«Շնորհավորանքս ցանկանում եմ հղել մեր այն զինծառայողների հարազատներին, որոնք իրենք կյանքն են տվել բանակի հզորացման, հայրենիքի անկախության, զարգացման և սահմանների անքակտելիության համար: Կարծում եմ, որ այս տոնի առաջին հասցեատերերը հենց նրանք են»,- ասաց փոխնախարարը։
Գաբրիել Բալայանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունն արդեն իսկ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել՝ զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման համար: Ըստ նրա՝ դա վերաբերում է և համապատասխան վճարներին, և բնակարանային ապահովման խնդիրներին:
Մասնավորապես, ըստ նրա, 2019 թվականին զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային կարիքները Երևանում գրեթե 95 տոկոսով բավարարվել է, այժմ ծրագիրն իրականացվում է մարզերում:
Գաբրիել Բալայանը նշեց, որ չի ցանկանում նսեմացնել որևէ զինծառայողի վաստակը, որոնք ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ անում են հայրենի պաշտպանության համար: «Պաշտպանության նախարարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ԶՈւ-ում մեր զինծառայողներին վերաբերող բոլոր իրավական կարգավորումները գործեն ճիշտ և հստակ: Շատ հաճախ լուսանցքից դուրս է մնում այն ձևաչափը, թե քանի դեպք է կանխվում մեր սպաների և զինծառայողների ժամացույցի պես աշխատանքի շնորհիվ»,- նշեց Գաբրիել Բալայանը:
Խոսելով սպառազինության մասին՝ փոխնախարարն ասաց, որ 2019 թվականն աննախադեպ է եղել սպառազինության առումով։ Ըստ նրա՝ անակնկալները շարունակվելու են նաև 2020 թվականին, սակայն դեռևս չեն կարող բացահայտել, թե ինչ զինամթերք պետք է ստանա Հայաստանը:
Գաբրիել Բալայանի խոսքով՝ ինչպես նախորդ տարի, այս տարվա բյուջետային պլանավորման մեջ բավական գումարներ են հատկացված հենց այդ կարիքները բավարարելու համար: «Մենք շեշտը դրել ենք ոչ միայն սպառազինության, այլև համաժամանակյա վարձատրության բարձրացման վրա: Հույս ունեմ, որ բոլոր այդ դրական տենդենցների զարգացումը կկարողանանք ապահովել նաև 2020 թվականին»,- նշեց փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ