Այսօր նախակրթարանում երեխայի մեջ հայրենասիրություն պիտի դրվի՞, թե՞՝ չէ. Բագրատյան
«Շատ կարևոր է` դաստիարակներն ու դայակներն ունենան այն գաղափարը, որ երեխաների նախադպրոցական կրթությունը պետության հիմքն է»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝անդրադառնալով «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նրա խոսքով, մանուկ հասակից երեխաների մոտ պետք է ձևավորվեն հայամետ և պետականամետ դրույթներ:
«Մենք չպետք է քոփի փեյսթ անենք այսպես կոչված առաջադեմ ծրագրեր և տեսլականներ ու բերենք դրանք մեր մանկապարտեզներ: Մեր նախակրթական հաստատությունները պետք է երեխաներին առաջին հերթին դաստիարակեն հայկական ոգով՝ հաշվի առնելով թե՛ մեր ավանդույթները, թե՛ մեր բոլոր այն հիմնարար սկզբունքները, որի վրա դաստիարակվել ենք նաև մենք: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ ազատականության անվան տակ մանկապարտեզներում մտցվեն անդեմ մոտեցումներ, երեխաները հենց մանկապարտեզներից պետք է սկսեն իմանալ՝ իրենք ով են»,- շեշտեց Ա. Աբովյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ այսօր հենց մանկապարտեզներից պետք է ապագա քաղաքացուն պատրաստել:
«Մենք ունե՞նք այն ռազմավարությունը, թե հետագայում ինչ ենք սպասելու: Այսօր նախակրթարանում երեխայի մեջ հայրենասիրություն պիտի դրվի՞, թե՞՝ չէ: Թ՞ե այդ երեխան պետք է աշխարհաքաղաքացու կերպարով դաստիարակվի: Որովհետև ինչ հիմա ցանենք, դա էլ հնձելու ենք: Մենք պետք է հստակեցնենք՝ ինչ ենք տեսնում նախակրթականից մինչև հետբուհական կրթություն: Մենք պետք է ունենանք ռազմավարություն, թե ՀՀ քաղաքացին ինչ ուղի պիտի ունենա այս գլոբալացող աշխարհում»,- ասաց Ս. Բագրատյանը: