Կինը ցատկել է 30 մետր խորությամբ ջրհորը և փրկել այնտեղ ընկած որդուն
Թաիլանդի Փուքեթ նահանգի Վիչիթի շրջանի բնակիչը ցատկել է 30 մետր խորությամբ ջրհորը և փրկել այնտեղ ընկած որդուն, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 4-ին, Միս Դա անունով տիկինը, տանը լվացք անելիս, նկատել է, որ իր երեք տարեկան որդու՝ Սեոյի ձայնը չի լսվում, նա տանը չէ։ Ապա տեսնելով, որ տան հետևի դուռը բաց է, մայրը հասկացել է, որ որդին դրանով դուրս է եկել։
Նա կանչել է որդուն, սակայն վերջինս չի արձագանքել։ Կինը սկսել է փնտրել նրան և քայլելով առաջ, տեսել է որդու կոշիկները ջրհորի մոտ։ Մայրը սկսել է բղավել և օգնություն կանչել հարևաններին: Հարևանները փրկարարների օգնությանն են դիմել: Առանց սպասելու վերջիններիս ժամանմանը, կինը ցատկել է ջրհորը, որի խորությունը 30 մետր է, իսկ լայնությունը ՝ մեկ մետր: Կնոջ ցատկելուց հետո հարևանուհին պարան է իջեցրել ջրհորի մեջ, որպեսզի մայրն ու որդին ջրհորից դուրս գան:
Փրկարարները հասել են այն պահին, երբ հարևաններն արդեն մորն ու անգիտակից որդուն առաջին բուժօգնություն ցուցաբերելիս են եղել։
Միս Դան պատմել է, որ նա որդուն սեղմել է իր ուսին, որպեսզի ջուրը թափվի թոքերից: Տղան շուտով ուշքի է եկել: Ո՛չ երեխան, ո՛չ մայրը որևէ վնասվածք կամ կոտրվածք չեն ունեցել։