Այս իշխանությունը բացահայտ դիլետանտներով է առաջնորդվում. Գագիկ Համբարյան
«Բարձրագույն կրթության խնդիրները Գյումրիում, ընդհանրապես Հայաստանում, գրեթե նույնն են։ Ներկայացված չափորոշիչները բարձրագույն կրթության, հանրակրթության ոլորտներում, անընդունելի են»,- «Հայրենիք» զարգացման հիմնադրամի կազմակերպած «Գյումրին այսօր» պանելային քննարկմանն ասաց Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը:
Նա նշեց, որ «Բարձրագույն կրթության» մասին օրենքի չընդունումն էլ ավելի մեծ հարված է հասցնում կրթական ոլորտին։
«Այս իշխանությունները մտադրված են ոչ թե աշխատել կրթության որակի բարձրացման վրա, այլ ինչ եկել են իշխանության՝ օպտիմալացնել ամեն ինչ»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա, Հայաստանում «իշխանատեղափոխությունից» հետո կարևորագույն խնդիրներից է բուհական կառավարման ոլորտը, որը բացահայտ բարձիթողի վիճակում է. «Երևանի պետական համալսարանը մեկ տարուց ավելի ռեկտոր չունի, Շիրակի պետական համալսարանը 2018 թվականից մայիսից ռեկտոր չունի։
Իշխանության եկան ապաքաղաքական լոզունգներով և ի՞նչ ստացվեց։ Ասենք, բերեցին, Շիրակի պետական համալսարանը ռեկտոր կարգեցին մեկին, որը բացարձակ չէր համապատասխանում ընտրության կանոնակարգին: Եկել է ռեկտոր աշխատում՝ բացարձակ չհասկանալով, թե ինչ է բուհական կրթությունը»:
Նրա խոսքով, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իշխանության գալուց հայտարարել էր, որ բոլոր բուհերի հոգաբարձուների խորհուրդներն ապաքաղաքականացվելու են։
«Հարց է առաջանում, եթե ապաքաղաքականացվելու են, ի՞նչ գործ ունեն Շիրակի մարզպետը, Շիրակի մարզի ՔՊ-ական պատգամավորներն այդտեղ: Գիտե՞ք ողբերգությունը որն է, երբ որ բուհն ունի դոկտոր, պրոֆեսորներ, իսկ հոգաբարձուների խորհրդում դոկտոր, պրոֆեսոր չկա։
Կարող է Լևոն Բարսեղյանը շատ բաներից հասկանում է, բայց նա բացահայտ դիլետանտ է բարձրագույն կրթության իմաստով: Նա իրավունք չունի զբաղեցնելու ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը, որովհետև երկու տարվա մեջ ոչ մի բան չի արել, որպեսզի ՇՊՀ լարվածության մթնոլորտը թուլանա»,- նշեց նա։
Գագիկ Համբարյանի խոսքով, խնդիրը կրկին այս համակարգի մեջ է։
«Նույն իշխանությունները՝ նախկինում քննադալով նախորդներին, շատ դեպքերում իրավացիորեն, որովհետև բացահայտ հովանավորչություն էր գնում, հիմա իրենք ավելի վատ բան են անում։ Եթե նրանք փորձում էին շատ դեպքերում գոնե ամեն ինչ անել օրենքի շրջանակում, քիչ թե շատ պրոֆեսիոնալների էին բերում, այս իշխանությունը բացահայտ դիլետանտներով է առաջնորդվում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ