ԱԺ մտած երիտասարդի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնսպանության հասցնելու մեղադրանքով
Իրավունք
15:42 14/11/2020
Հայաստան

ԱԺ մտած երիտասարդի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնսպանության հասցնելու մեղադրանքով

Բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ դահլիճ մտած երիտասարդներից մեկի՝ Գառնիկ Պետրոսյանի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնսպանության հասցնելու մեղադրանքով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

«2020թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:40-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կիևյան կամրջից տղամարդ է ցած նետվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: 

Դեպքի վայրի զննությամբ՝ Կիևյան կամրջի տակ, հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Գառնիկ Պետրոսյանի դին: Իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դիակի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, քրեական գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք:

2020թ. նոյեմբերի 14-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։

Հոդված 110.

Ինքնասպանության հասցնելը

1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Placeholder
ԱԺ մտած երիտասարդի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնսպանության հասցնելու մեղադրանքով