Ի՞նչ հետևանք կունենա դպրոցներից ԱԱՀ գանձելը
«Եթե մենք միտված ենք աշխատել պետության շահերի համար, ապա պետք է նաև հստակեցնենք, որ դպրոցներից ԱԱՀ գանձելը լավագույն տարբերակը չէ տնտեսական ճեղքվածքը փակելու համար»,- այսօր «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումը կրթության ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Հայկազ Նավասարդյանը։
Հիշեցնենք, որ Կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ համաձայն որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։
Ըստ նրա, կրթությունն ու առողջապահությունն այն ոլորտները չեն, որոնցից պետք է ԱԱՀ գանձել։
«Մասնավոր դպրոցների և նախադպրոցական կրթության հաստատությունների պարագայում պետությունն էապես տուժելու է՝ ֆինանսական առումով։ Եթե այսօր մանկապարտեզներ են հաճախում մոտավորապես 7000 երեխա, ապա այնպես չի, որ մեր պետությունն ի վիճակի է այդ երեխաներին ընդգրկել պետական ոլորտ։ Եվ այդ երեխաները դուրս են մնալու համակարգից, նրանց ծնողներն էլ ստիպված թողնելու են աշխատանքը, որ երեխաներին պահեն։ Այդ դեպքում նրանք դադարելու են եկամտահարկ վճարել, ինչն էլ սոցիալական բեռ կավելացնի պետության համար»,- կարծիք հայտնեց նա։
Հայկազ Նավասարդյանը նշեց, որ Հայաստանում մասնավոր դպրոցներում են սովորում մոտավորապես 10, 500 աշակերտ, և այսօրվա վիճակով, այդ աշակերտների հաշվին պետությունը տնտեսում է մոտ 2.6 մլրդ դրամ։
«Յուրաքանչյուր աշակերտի համար պետությունը մոտ 235 հազար դրամ է ծախսում, և եթե դա բազմապատկում ենք 10 հազարով, դրան էլ գումարում ենք այն ծախսերը, որոնք խնայվում են ուսուցիչների վերապատրաստման, առաջին դասարանցիներին անվճար գրքեր տրամադրելու վրա, ստանում ենք 2.6 մլրդ դրամ»,- ներկայացրեց նա։
Իսկ ԱԱՀ կիրառելու դեպքում, ըստ նրա, այդ 2.6 մլրդ դրամը միանգամից մնում է պետության վրա։ Բացի այդ, Հայկազ Նավասարդյանի խոսքով, մասնավոր դպրոցներում աշխատող 1000-ից ավելի ուսուցիչներից եկամտահարկ պետությունն այլևս չի գանձում։ Միևնույն ժամանակ, այդ դպրոցների ծախսերը ևս սկսում է հոգալ պետությունը։
«Մոտ 4.5 մլրդ դրամի օգուտ ունի պետությունը մասնավոր դպրոցներից։ Եթե մենք փորձում ենք ներառել ԱԱՀ, ապա եթե անգամ ոչ մի մասնավոր դպրոց չի փակվում, ոչ մի երեխա դուրս չի գալիս դպրոցից, ամեն ինչ մնում է նույնը, այստեղ պետությունն ընդամենը 1 մլրդ դրամ է ավելացնում բյուջե։ Բայց սա ուտոպիստական տարբերակն է»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ