Ազգային պատկերասրահի հուշաձեռագրային բաժնի արժեքավոր նյութերի մեծ մասը կհրապարակվի առաջին անգամ
Հայաստանի Ազգային պատկերասրահը 100 տարեկան է։ 1921 թվականը հայ մշակույթի վերարժևորման տարի էր, որը նշանավորվել է Հայաստանի կարևորագույն մշակութային օջախների ստեղծմամբ: Աստաֆյան (Աբովյան) փողոցում՝ Արական գիմնազիայի երկհարկանի տուֆակերտ շենքում, հիմնադրվեց Կերպարվեստի պետական թանգարանը, որը 1991 թվականից կոչվում է Հայաստանի ազգային պատկերասրահ։
«Հարյուրամյա պատմության ընթացքում թանգարանն իր հաստատուն տեղն է գրավել հայ և համաշխարհային մշակութային օջախների շարքում՝ դառնալով Հայաստանի խոշորագույն և հայկական կերպարվեստի հավաքածուով ամենամեծթանգարանն աշխարհում։
Ազգային պատկերասրահը մեր հոգևոր ժառանգության, ազգային ինքնության, մշակութային արժեքների պահպանության, դրանք հետագա սերունդներին փոխանցման կարևորագույն առաքելությունն իրականացնող անցյալի ու ներկայի կամուրջն է, մի վայր, որտեղ մոռացության փոշուց մաքրվել և պահպանվում են հայ և համաշխարհային արվեստի թանկարժեք մասունք դարձած գանձեր:
Շուրջ 40000 մշակութային արժեքներից յուրաքանչյուրը՝ ամենահին ցուցանմուշից (մ․թ․ ա․ 1-ին հազարամյակ) մինչև Կոմիտասին պատկերող խորհրդանշական դիմանկար (2019), ուրույն վկայությունն է իր ժամանակաշրջանի:
Պատկերասրահի հիմնադրման 100-ամյա հոբելյանի շրջանակներում մեկնարկում ենք մշակութային մի շարք միջոցառումներ և ծրագրեր»,- նշված է Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում։
100-ամյա թանգարանի հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում մեկնարկում է վավերագրեր նախագիծը:
«Այսուհետ դուք հնարավորություն ունեք ծանոթանալու թանգարանի Հուշաձեռագրային բաժնում պահվող արժեքավոր նյութերին, որոնց մեծ մասը կհրապարակվի առաջին անգամ:
Դրանց թվում են՝ ձեռագիր աշխատություններ, նոթատետրեր, նամակներ, բացիկներ, անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, հեղինակային աշխատանքներ, հոդվածներ:
Հայաստանի ազգային պատկերասրահի Հուշաձեռագրային բաժնում պահվում է անվանի ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մանկավարժ Վարազդատ Հարությունյանի դիպլոմային աշխատանքը (1937), որտեղ ներկայացված է Պետական կերպարվեստի թանգարանի նախագիծը»,- հայտնում են Ազգային պատկերասրահից։
#100_ամյա_թանգարանի հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում մեկնարկում ենք