Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հյուսիսային Կորեան ու Չինաստանը` ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում
Հյուսիսային Կորեան նոր սպառնալիքներով է հանդես գալիս ընդդեմ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի: Այս երկրի առաջնորդ Կիմ Չան Ընի քույրը` Կիմ Յո Չանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ու Հարավային Կորեան կկանգնեն համատեղ զորավարժություններ անցկացնելու հետևանքների առջև:
Ինչպես գրում է «Ամերկայի ձայն»-ը նա այս խոսքերով է հանդես գալիս այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը անվտանգության հարցերով բանակցություններ են անցկացնում Տոկիոյում: Նրանք հանդիպել են նաև Ճապոնիայի արտգործնախարարին, որից հետո անցկացված ասուլիսի ժամանակ Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը փորձել է կապ հաստատել Փհենյանի հետ, սակայն չի ստացել որևէ պատասխան:
Նրա խոսքերով, Հյուսիսի նկատմամբ վերանայվում է ԱՄՆ-ի քաղաքականությունը: «Մենք քննարկում ենք ավելի մեծ ճնշումներ բանեցնելու կամ դիվանագիտական ուղիներով խնդիրներին մոտենալու տարբերակները: Այս հարցերը քննարկում ենք նաեւ մեր դաշնակիցների հետ», ասել է նա:
Երկու նախարարները հինգշաբթի օրը մեկնելու են Սեուլ, որտեղ քննարկման առանցքում է լինելու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը:
Բլինքենն ու Օսթինը նաև կենտրոնանալու են այս տարածաշրջանում Չինաստանի աճող դերի ու դրան հակազդելու ուղիների վրա:
Ինչպես պաշտպանության նախարարն է ասել, ծովային վիճահարույց տարածքներում Պեկինի ագրեսիվ գործողությունների ընդլայնումը սպառնալիք է և ԱՄՆ-ի, և Ճապոնիայի համար:
«Իսկ մեր օրերում նման մարտահրավերն ընդունելու համար կարեւորվում են թիմային գործունեությունը եւ դաշնակիցների հետ համագործակցությունը», ասել է նա:
Ճապոնիայի արտգործնախարար Թոշիմութսուն հավելել է, որ Չինաստանի հարցում Տոկիոյի դիրքորոշումը համընկնում է Վաշինգտոնի կեցվածքի հետ:
Ինչպես Թեմփըլի համալսարանում ասիական հարցերով բաժանմունքի ղեկավար Ռոբերտ Դուջարիչն է ասել, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերությանը զարկ տալու հանգամանքը Չինաստանի վրա ճնշումներն ուժգնացնելու եղանակներից մեկն է:
Սակայն պիտի ասել, որ Վաշինգտոնը չի ուզում փակել Պեկինի հետ երկխոսության դռները: Այդ նպատակով Բլինքենը Հարավային Կորեայում բանակցություններն ավարտելուց հետո մեկնելու է Ալյասկա, որտեղ հանդիպումներ է ունենալու արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող չին բարձրաստիճան պաշտոնյաների հետ: