Քաղաքական հսկողության տակ գտնվող գործերով ուղղորդումներն իշխանությանը պետք են իրենց իշխանությունը երկարաձգելու համար. Փաստաբան
Իրավունք
15:38 17/03/2021
Հայաստան

Քաղաքական հսկողության տակ գտնվող գործերով ուղղորդումներն իշխանությանը պետք են իրենց իշխանությունը երկարաձգելու համար. Փաստաբան

«2018 թվականի իշխանափոխությունից հետո մարդիկ իշխանությունը զավթեցին և առաջին հերթին այդ իշխանությունը պահելու խնդիր էր դրված»,- ասուլիսում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա նշեց, որ ցանկացած իշխանություն, որը ուզուրպացնում է իշխանությունը, հնարավորություն չունի այդ իշխանության երկարատևությունն ապահովել առանց դատաիրավական համակարգի ուզուրպացման, այսինքն  նման իշխանությունների համար գերնպատակ պետք է լինի ուժային կառույցների հնազանդեցումն իրենց, այնուհետև դատական համակարգի:

«Հակառակ պարագայում մենք ունենում ենք այն իրավիճակը, ինչը մասամբ տեղի է ունենում Հայաստանում, երբ որ դատարանները հրաժարվում են քաղաքական պատվերի շրջանակներում իշխանության ցանկալի դատական ակտեր կայացնել»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, իշխանությունն ուզուրպացիայի ընթացքում չի կարող հույսը դնել անհատապես գործող ինչ-որ մի քննիչի որոշումների վրա, այդ ամեն ինչը պետք է համակարգված ու  կենտրոնացված լինի:

«Այս պարագայում Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը որպես վստահելի անձ է ընտրվել:

Աննա Վարդապետյանը չլիներ, այլ անձ պետք է գտնեին, քանի որ քաղաքական հսկողության տակ գտնվող գործերով տոտալ վերահսկողությունն ու ուղղորդումներն իշխանությանը պետք են իրենց իշխանությունը երկարաձգելու համար»,- ասաց Մ. Պողոսյանը:

Նա հիշեցրեց այդ անձանց՝ խմբի կազմում գործող հանցագործություն կատարող անձանց համակցություն է, որոնք իրենց պատասխանատվությունը կրելու են այս ամեն ինչի համար:

«Հայաստանում վերջին 3.5 տարվա ընթացքում ավելի բռնաբարված բան չկա, քան օրենքներն ու օրինականությունը»,- ընդգծեց փաստաբանը:

Մ. Պողոսյանը առանձնացրեց հայտնի ֆեյքով գործերը, նշեց, որ դատավորների կողմից հրահանգավորված որոշումներ կայացնելու հրաման կար:

«Անձ կար, որը հայտարարում էր՝ տեսել է Երևան քաղաքի դատարանի նախագահին հեռախոսով այլ անձին հրահանգ տալուց, կոնկրետ արտահայտություններ անելուց, որ պետք է տվյալ անձը կալանավորվի:
Փաստերը ցցուն են, այսինքն նորմալ իրավակարգի պարագայում այս մարդիկ պետք է արդեն քրեական հետապնդման տակ լինեին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Փաշինյանի ապավեն հանդիսացող ՀՔԾ մերժում է այդ դեպքով քրեական գործ հարուցել, քանի որ եթե մի դեպքով հարուցեն, մյուս անգամ դատավորները հրահանգ ստանալուց կհիշեցնի այդ դեպքը:

«Ցանկացած մարդ, ով կհայտնվի իշխանության, հրահանգներ տալու ցանկություն ունենալու է: Խնդիրը ստրուկի տրամաբանությամբ ապրող հրահանգ կատարողներն են: Երբ որ չլինեն հրահանգ կատարող կաստան, իսկ նրանք չեն լինելու քրեական հետապնդման դեպքում, որևէ մեկի մտքով հետայսու չի անցնի հրահանգ տալ, կատարողը չի լինի»,- ասաց Միհրան Պողոսյանը:
 

Placeholder
Քաղաքական հսկողության տակ գտնվող գործերով ուղղորդումներն իշխանությանը պետք են իրենց իշխանությունը երկարաձգելու համար. Փաստաբան