Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նինոծմինդայի բնակիչները կալանավորվել են թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով.
Ախալցիխեի շրջանային դատարանը Նինոծմինդայի բնակիչներ Բ.Ծ-ի և Մ.Ծ-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրել: Դատավոր Գոչա Ջեյրանաշվիլին մեղադրյալներին կալանավորելու որոշում է կայացրել՝ բավարարելով դատախազի միջնորդությունը: Այս մասին գրում է Jnews կայքը՝ հղում անելով sknews-ին:
Մեղադրյալների փաստաբան Վարդո Վելիջանիշվիլիի խոսքով՝ իր պաշտպանյալները չեն ընդունում իրենց մեղքը և օգտվում են լռություն պահպանելու իրենց իրավունքից:
Հետաքննությունը պարզել է, հայր և որդի՝ Բ.Ծ-ն և Մ.Ծ-ն Հայաստանի քաղաքացիներ քույր ու եղբոր՝ Ա.Գ-ին և Ա. Գ-ին 2015 թվականին և Խ. Կ.-ին 2016 թվականին լավ աշխատանքի խոստումով, սեփական մեքենայով Հայաստանից տեղափոխել են Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղում գտնվող իրենց անասնաֆերմա, որտեղ նրանց սպառնացել են և ստիպել աշխատել մինչև 2021 թվականի մարտի 9-ը:
Բ.Ծ-ն և Մ.Ծ-ն խլել են անձը հաստատող փաստաթղթերը և առանց վարձատրության աշխատեցրել տարիներ շարունակ` ստրկության ժամանակակից պայմաններում: Մեղադրյալները նաև ապօրինի գերության մեջ գտնվող անձանց սահմանափակել են տեղաշարժը և մշտական հսկողության տակ պահել:
Իրավապահները Բ.Ծ-ին և Մ.Ծ-ին ձերբակալել են 2021 թվականի մարտի 13-ին: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի «բ և է» ենթակետերի համաձայն (մարդկանց առևտուր, որն իրականացվել է մի կամ մի քանի անձանց նախնական պայմանավորվածության արդյունքում), որը ենթադրում է 12-15 տարի ազատազրկում:
Ձերբակալված հոր և որդու ընտանիքի անդամները բացարձակապես հերքում են, որ անասնաֆերմայում աշխատանք է պարտադրվել վերոնշյալ երեք անձնանց: