Արամ Առաջին. Դժվար ժամանակներում ենք ապրում
Անթիլիասի Մայրավանքում Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մատուցել է Սուրբ և Անմահ Պատարագ: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից։
Իր պատգամում Արամ Առաջինն ասել է. «Յարութիւնը յաղթանակ մըն էր չարին, մեղքին ու մահուան դէմ, ու միաժամանակ՝ հրաւէր մարդուն իր կեանքը հաւատքով շաղախելու ու յոյսով գօտեպնդելու։ Քրիստոսի յարութիւնը հարկ է նկատել որպէս երաշխիք մարդու յարութեան ու հրաւէր՝ կեանքի տագնապները յարութեան հաւատքով ու յոյսով դիմագրաւելու։ Առաքեալը կ՚ըսէ՝ եթէ Քրիստոս յարութիւն առած չըլլար, մեր հաւատքը իր իմաստը պիտի կորսնցնէր։ Քրիստոսի յարութեան վրայ հիմնուած հաւատքը նաեւ աղբիւր է յոյսի։ Արդարեւ, դարեր շարունակ մարդիկ յուսացին Աստուծոյ Մեսիային գալստեան։ Քրիստոսի մարդեղութեամբ ու յարութեամբ այդ յոյսը իրականացաւ»։
Շարունակելով իր խոսքը, Նորին Սրբությունն ասել է.
«Քրիստոսի յարութեան հաւատալ կը նշանակէ յոյսով ապրիլ, յոյսը դարձնել մեր կեանքին առանցքը ու ճամբան։ Քրիստոսի յարութեան հաւատալ կը նշանակէ յարութեան խորհուրդը ապրիլ մեր կեանքին մէջ։ Քրիստոսի յարութեան հաւատալ կը նշանակէ սպասել Քրիստոսի երկրորդ գալուստին։ Առանց յոյսի, սաղմոսին բառերով, մարդուն կեանքը կը վերածուի խոտի։ Քրիստոսով ապրիլ կը նշանակէ յոյսով ապրիլ, յոյսով զօրանալ»։
Անդրադառնալով ներկա ժամանակներին՝ Հայրապետն ասել է. «Կ՚ապրինք դժուար ժամանակներու մէջ։ Ծանր պայմաններով շրջապատուած ենք։ Մեր անհատական, ընտանեկան թէ հաւաքական կեանքին դիմաց ցցուած են հսկայ դժուարութիւններ։ Այս կացութեան դիմաց, մենք կոչուած ենք հեռու վանելու մեր կեանքէն մեզ դէպի պարտուողականութիւն, հեռացում ու յուսահատութիւն առաջնորդող հոգեվիճակներէ ու քայլերէ։ Հաւատքով շաղախուած յոյսն է մեր կեանքի ճամբան։ Ա՛յս է պատգամը Քրիստոսի յարութեան։ Ա՛յս է ճամբան քրիստոնեայ մարդուն»։
Ս. Պատարագի ընթացքում ներկաները ստացել են Սուրբ Հաղորդություն և Քրիստոսի հարության հավատքով վերականգնել իրենց հույսը։
Հարակից հրապարակումներ`
- Պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրը. Գարեգին Երկրորդ
- Զատկական հայրապետական պատարագ՝ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց