Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը կղեկավարի դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան
Մայիսի 7-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգան դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան (Ռուսաստան) և ջութակահարուհի Ելիզավետա Գլազունովան (Ռուսաստան):
Ծրագրում՝ Մոցարտ, Չայկովսկի, Շոստակովիչ, Բրիտեն։
Դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան Համառուսաստանյան երաժշտական մրցույթի դափնեկիր է (Մոսկվա, 2015): 2011 թվականից ղեկավարել է տարբեր նվագախմբեր և երգչախմբեր, այդ թվում` Կարելիայի Հանրապետության երաժշտական թատրոնում կայացած օպերային գալա-համերգները, Սանկտ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգների շարքը, Ջ. Ռոսինիի «Մոխրոտը» օպերայի նախապատրաստությանը Պեզարոյի Ռոսինիի կոնսերվատորիայում (Իտալիա) և այլն:
2011-ին Հարավային Կորեայի Դեջոն երաժշտական քոլեջում աշխատել է որպես երգչախմբի և նվագախմբի դիրիժոր:
2013 թվականից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ստուդիայի երգչախմբի ղեկավարն է:
2017-ի նոյեմբերից Հարբինի (Չինաստան) կոնսերվատորիայի միջազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նվագախմբի հետ համերգներով շրջագայել է Չինաստանի տարբեր քաղաքներում և ձայնագրություններ իրականացրել Պեկինի կենտրոնական հեռուստատեսության համար: