Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցում շատ հակասական և խճճող բաներ կային. Սոֆյա Հովսեփյան
«Այո՛, Գարեգին Նժդեհի արձանն այժմ իր տեղում է (Արցախի Մարտունի շրջանում, խմբ.), բայց մինչև մայիսի իննը դա ուզում էին հանել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նա նշեց, որ եթե արձանը դեռ չի հանվել, դա մարտունեցիների շնորհքն է, նրանց պայքարի շնորհիվ է։ Պատգամավորը տեղեկացրեց, որ քիչ առաջ է խոսել արցախցիների հետ և տեղեկացել է, որ արձանի շուրջ այս պահին խոսակցություն չկա, և արձանը մնալու է՝ ի հեճուկս բոլորի։
«Իրենք մտածում են, թե եթե արձանը հանեն, տանեն թանգարանում դնեն, աղմուկ չի լինի։ Չէ՛, լինելու է աղմուկ, արհեստականորեն ստեղծվելու է հակառուսական աղմուկ։ Եվ եթե այստեղ մի քանի կամակատարներ արջի ծառայություն են մատուցում ռուսական կողմին, դրանով դեմ են գնում նաև հայ ժողովրդի ազգային արժեքներին։ Մենք հասել ենք մի կետի, որ ինձ ասում են, թե ինչ գործ ունես Արցախում տեղադրված Նժդեհի արձանի հետ. ես գործ ունեմ ցանկացած հայի և հայ էության հետ՝ անկախ նրանից, թե դա ում դուր չի գալիս»,- նկատեց նա։
Ըստ Սոֆյա Հովսեփյանի, Նժդեհի արձանը հանելու հարցն անընդհատ օրակարգ է բերվում Թուրքիայի կողմից. «Բայց նրանք պետք է հասկանան, որ եթե անգամ Նժդեհի արձանը չլինի երեխաների աչքի առաջ, Նժդեհը մնալու է մեր ներսում, ու նրանք չեն կարող որևէ բան անել»։
Պատգամավորի խոսքով, ֆաշիստական Թուրքիան, որ ամբողջ ժամանակահատվածում համագործակցել է այն ժամանակվա ֆաշիստական Գերմանիայի հետ, այսօր համարձակվում է մատնանշել մեկ անձի և խնդիր ստեղծել այդ անձի շուրջ։ Եվ դա էլ այն դեպքում, երբ Նժդեհը ֆաշիստ չի եղել, եղել է ազգասեր։
Անդրադառնալով Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ զեկույցին՝ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ հանձնաժողովից երբևէ մեծ ակնկալիքներ չի ունեցել.
«Զեկույցում ավելի հակասական և խճճող բաներ կային»։
Դիտարկմանը, որ քննիչ հանձնաժողովը ստեղծելու ժամանակ իշխանությունը նշում էր, թե պետք է հանրությանը մի շարք հարցերի պատասխաններ տան, բայց հետո ասաց, թե պետական գաղտնիք է, և չեն կարող հրապարակել, Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց՝ ասելով, որ այդ զեկույցը հրապարակային կլիներ, եթե 2020-ի 44-օրյա պատերազմը չլիներ։
«Բայց քանի որ 44-օրյա պատերազմը եղել է, իսկ զեկույցում շատ բաներ ավելի մեղմ են, քան վերջին պատերազմում, այդ ամենը գաղտնի են պահում։ Բայց այնուամենայնիվ, կարծում եմ, որ ի սկզբանե պետք է հայտարարվեր, որ զեկույցը փակ է լինելու, ուղղակի իշխանությունն այն ժամանակ լայնախոհություն չի ցուցաբերել»,- կարծիք հայտնեց նա։
Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որ 44-օրյա պատերազմը Ապրիլյան քառօրյա պատերազմի շարունակությունն էր, ապա Սոֆյա Հովսեփյանը նշեց.
«Ես տեսա մի բան. Ապրիլյան պատերազմը շարունակությունն էր 1994 թվականի պատերազմի, և առհասարակ, մեր երկրում 30 տարի շարունակ պատերազմ է, որը չի դադարել նաև այսօր»։
Անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություններին իր մասնակցել-չմասնակցելուն՝ պատգամավորն ասաց, որ առաջիկա ընտրությունների մասնակցության մասով մինչ այս պահը որևէ հետաքրքրություն չունի։
«Ունեմ տարբեր առաջարկներ, չեմ քննարկել որևէ մեկը, և այնուամենայնիվ, հակված եմ չմասնակցելուն»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ փակ նիստում քննարկվում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը
- Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին