Ադրբեջանցիները խստորեն հանձնարարականներ են տվել, թե հայ ռազմագերիները Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ ինչ պետք է խոսեն. ՀՀ ՄԻՊ
«Մեր գերիներն իրենց առանձնազրույցներում հաստատել են՝ երբ Ադրբեջանում Կարմիր խաչի աշխատակիցները եկել են իրենց հետ հանդիպման, ադրբեջանցիները նախապես իրենց հանձնարարականներ են տվել, թե նրանք ինչ պետք է խոսեն և խիստ զգուշացրել են, որ հանկարծ չփորձեն բառ խոսել, թե ինչ վերաբերմունքի են արժանացել»,- լրագորղների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ անդրադառնալով նախօրեին գերիների պահման վերաբերյալ իր հրապարակած զեկույցի համապատասխան հատվածին։
Պաշտպանը հայտնեց, որ հայ ռազմագերիներն այդ մասին հայտնել են ոչ միայն իրեն, այլ նաև իրավապաշտպաններին։
ՄԻՊ-ը նաև հայտնեց, որ շատ դեպքերում ադրբեջանցիները ընտրել են հայ այն ռազմագերիներին, որոնց պետք է ներկայացնեն Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպման համար։
«Հայ ռազմագերիները պատմել են, որ Կարմիր խաչի ներկայացուցիչների կամ ՌԴ զինվորականների այցի նախօրեին ադրբեջանցիները խցերից նախապես հեռացրել են ռազմագերիների մի մասին՝ տանելով նկուղ կամ այլ տեղեր»,- հայտարարեց Արման Թաթոյանը։
Անդրադառնալով Խոզնավար, Տեղ գյուղերի հարակից սահմանին ադրբեջանցիների կողմից իրականացվող ինժեներական աշխատանքներին՝ ՄԻՊ-ը նշեց, որ վերջիններս պարբերաբար շինարարական աշխատանքներ են տանում՝ նաև Սև լճի մոտ, իսկ ճանապարհներին անընդհատ տեղաշարժ է կատարվում։
«Որքան նրանք փորձում են ամրանալ, այնքան մեր քաղաքացիական բնակչության համար մեծանում է ռիսկը»,- ասաց ՀՀ օմբուդսմենը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ