Հոգեգալստյան տոնը նշվել է Արցախի Ս. Հակոբավանքում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունիսի 5-ին նշել է Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը:
Ս. Հոգու գալուստը հիշատակվել է Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում։ ՀԱՍԿ Արցախի թեմից հայտնում են, որ այս Սուրբ օրը տոնախմբվել է նաև Ս. Հակոբավանքում։ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Ս. Հակոբավանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա է եղել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղի բնակիչները և ուխտավոր մեր քույրերն ու եղբայրները։
«Պատահական չէ, որ Հոգեգալստյան տոնին ենք պատարագ մատուցում Արցախը խորհրդանշող կիսաավերված, կիսախոնարհված, Մեծառանից նշանավոր վանքում, որտեղ մեր նախնիները կաթողիկոսական աթոռ են հիմնել, մշակույթ զարգացրել և ամենակարևորը՝ Հայոց աշխարհի խաղաղության և անվտանգության համար աղոթք բարձրացրել առ Աստված։ Ուստի, կարծում եմ՝ Հակոբավանքի վերանորոգման ու վերածննդի սկիզբն ենք ազդարարում այսօրվա տոնական ծեսով»,-իր քարոզում նշեց թեմակալ առաջնորդը։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբավանքն իր վանահայրն ունի
- Հակոբավանքի վերանորոգումն այն լույսի առկայծումն է, որ պետք է տա մեր ժողովրդին ապրելու, արարելու, մնալու Արցախում. Վրթանես Սրբազան
- Արցախում ազդարարվեց «Հակոբավանքի վերածնունդ»-ի մասին