Մեղավոր ենք, լավ չենք աշխատել, հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք. Աղվան Վարդանյանն՝ ընդդիմության մասին
«Ներեցեք, բայց սա մուտանտների իշխանություն է՝ մեր հոգևոր, մշակութային, բարոյական, քաղաքակրթական արժեքներից դուրս, որն ախտահարում է նաև հանրությանը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Ըստ նրա՝ լուծումը մեկն է՝ մեկուսացնել, փորձել բուժել կամ հեռացնել, այլապես պետական ու ազգային բոլոր ինստիտուտները ոչնչացվելու են։
«Սրանց վարքը թելադրում են մեր հակառակորդները՝ ողորմելի են, արժանապատվությունից զուրկ, ամեն օր կարծիք փոխող, անուղղելի ստախոս, թուլակամ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Աղվան Վարդանյանը հիշեցրեց Փաշինյանի մի հայտարարություն՝ «ժողովրդավարություն եմ բերում», բայց միակուսակցական բռնապետություն է փորձում խաղալ, ասել է՝ ՀՀ սահմաններն, ինքնիշխանությունը կարմիր գիծ են, Ադրբեջանը մտել է Հայաստան, շարունակում է բանակցել ՝ հավաստի աղբյուրի նորանոր զիջումներով, պատերազմից հետո սահմանագիծն ամրացնելու փոխարեն՝ ՀՀ իշխանությունը 200 միլիոն դոլար պարգևավճար է բաժանել, տասնյակ միլիոններ ուղղել ԱԱԾ, ոստիկանություն ՊՊԾ, քննչական, միլիարդների այլ անիմաստ ծախսեր արել։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը՝ Աղվան Վարդանյանը խոստովանեց. «Մեղավոր ենք, չենք կարողացել, փորձել ենք, անձնազոհության ենք գնացել, բայց լայն հանրային աջակցություն չենք ապահովել, ուրեմն՝ լավ չենք աշխատել, հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք։ Վստահ եղեք՝ չենք համակերպվելու, հեռացնելու ենք, մեղադրեք մեզ, բայց նաև մտածեք՝ դուք ի՞նչ եք արել։
Մոռացեք՝ իշխանության հարց չկա, պետության, հայկական ինքնության, արժանապատվության հարց է»։
Նա նշեց, որ իրենց օրակարգն է՝ անվտանգություն, բանակ, ներքին համախմբում, հավասարակշռված, արժանապատիվ արտաքին քաղաքականություն։