Ֆուտբոլասերը ոտքով հարվածել է գնդակին և հազվագյուտ վնասվածքի պատճառով հաշմանդամ է դարձել
Անգլիայում 37-ամյա Դեյլ Էլիոթը ֆուտբոլ խաղալուց հետո հաշմանդամ է մնացել։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ֆուտբոլասերը գնդակին հարվածելուց հետո ուժեղ ցավ է զգացել ոտքի հատվածում։ Նա շտապօգնություն է կանչել և տեղափոխվել հիվանդանոց։
Էլիոթը պատմել է, որ յոթ ժամ անցկացրել է վնասվածքաբանության բաժանմունքում, իսկ հետո վեց ժամ շտապօգնության սենյակում, սակայն նրա բողոքները սկզբում լուրջ չեն ընդունվել: Նա նշել է, որ այդ ընթացքում ոտքը ուռել էր, իսկ վիճակը գնալով վատանում էր։
«Չեմ կարող նկարագրել այդ ցավը: Բժիշկներն ինձ տվեցին մորֆինի երկու չափաբաժին, որը նույնիսկ արդյունք չտվեց։ Հետո, կարծում եմ, նրանք հասկացան, թե որքան լուրջ է ամեն ինչ»,- հիշում է տղամարդը:
Սակայն այս ամենից հետո Էլիոթը ստիպված էր սպասել ևս ութ ժամ, նախքան նրան կհետազոտեին: Բժիշկների եզրակացության համաձայն՝ պացիենտի մոտ առաջացել է կոմպարտմենտային համախտանիշ, որը բնորոշում է մի վիճակ, երբ մարդու վերին կամ ստորին վերջույթների միջմկանային տարածություններում տարբեր պատճառներով առաջանում է գերբարձր ճնշում, որը բերում է հյուսվածքային սնուցման խանգարման։
Վերջույթի ներսում ճնշումը թուլացնելու և ցավը թեթևացնելու համար վիրաբույժները կտրվածքներ են արել տղամարդու ոտքի վրա։ Սակայն սրանով խնդիրը չի լուծվել։ Էլիոթին մի քանի անգամ վիրահատել են։
Տղամարդը ևս երեք վիրահատություն է տարել մեկ այլ հիվանդանոցում, որի ընթացքում վիրաբույժներին հաջողվել է հասնել դրական արդյունքի։ Վերջույթում ճնշումը հաջողվել է կարգավորել, և Էլիոթը սկսել է ապաքինվել։ Նա հիվանդանոցում կմնա երեք ամիս։ Էլիոթը պատմել է, որ այլևս երբեք չի կարողանա իր երեխաների հետ ֆուտբոլ խաղալ, մեքենա, հեծանիվ քշել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ